Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
18:47, October 8, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Հ. Մոսյանի գործով բողոքի քննությունը:
2015թ. հուլիսի 13-ին Հ. Մոսյանի իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել նրա մայրը՝ Գ. Մոսյանը: Կազմակերպությանն ուղղված դիմումով վերջինս հայտնել էր, որ զինծառայությունից խուսափելու հիմքով Հ. Մոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Միաժամանակ, Գ. Մոսյանը հայտնել էր, որ նախաքննությունն ընթացել է որդու իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ հայտնել է, որ քննիչը ճնշում է գործադրել Հ. Մոսյանի նկատմամբ՝ ստիպելով հրաժարվել պաշտպան ունենալու իրավունքից, պարտադրել իր թելադրանքով ցուցմունք գրել: Հ. Մոսյանի մայրը հայտնել է նաև, որ որդին անհիմն կալանավորվել է և ազատ արձակվել միայն 72 ժամ անց:
2015թ. հուլիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և Հ. Մոսյանի խախտված իրավունքները վերականգնելու հարցով:
ՀՀ ՀՔԾ-ի պատասխան գրությամբ հայտնել էին հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Դեռևս 2015 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանին ուղղված գրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր՝ զորակոչիկին համալիր բժշկական հետազոտության ենթարկելու, նրա առողջական վիճակի իրական պատկերը պարզելու, զինվորական ծառայությանը պիտանիության օրինականության հարցը որոշելու, անհրաժեշտության դեպքում նրա բուժումը ապահովելու հարցերով:
Ի պատասխան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Հ. Մոսյանը բժշկական զննության է ենթարկվել, որի արդյունքում ճանաչվել է <<պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով>>:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ՀՔԾ-ի վերոնշյալ որոշումը բողոքարկվել է՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: