Սկսվեց զորակոչիկ Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը
22:03, October 14, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ներկայացված բողոքով վերջիններս խնդրել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Սույն գործով ՀՀ ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել նախ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, ապա՝ Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից՝ զորակոչիկ Հովհ. Մոսյանի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ Չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ս. Վարանցովյանի կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, նրան անօրինական կարգով ազատությունից զրկելու և պաշտպան ունենալու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին: Նյութերի նախապատրաստման արդյունքում, սակայն, Ս. Առաքելյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Բողոքի քննությանը մասնակցում էին Գ. Մոսյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել բողոքի քննությանը, սակայն նախապես Դատարան էր ներկայացրել գործի նյութերը:
Բողոքաբերի և նրա ներկայացուցչի անձը, ինչպես նաև բացարկ ներկայացնելու հիմքերի բացակայությունն ստուգելուց հետո Դատարանն անցավ բողոքի քննությանը:
Տ. Սիրադեղյանը նշեց, որ բողոքաբեր կողմը չի ծանոթացել վարույթն իրականացնող մարմնի կողմից նախապատրաստված նյութերին և խնդրեց՝ հետաձգել բողոքի քննությունը՝ նյութերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ բողոքի հետ միաժամանակ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու համար:
Դատարանը, հիմնավոր համարելով ներկայացված միջնորդությունը և անհրաժեշտ համարելով վարույթն իրականացրած մարմնի մասնակցությունը բողոքի քննությանը, որոշեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին:
Տես նաև՝ hcav.am