«Դու ո՞վ ես, որ ասում ես՝ հանցագործություն է կատարել». ՄԻԵԴ-ը Սերժ Սարգսյանի արարքին գնահատական կտա՞
19:33, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍեպտեմբերի 15-ին փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Շանթ Հարությունյանի եւ իր 10 ընկերների բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բողոքը ներկայացվել է արդար դատաքննության իրավունքի հետ կապված: Այսօր «Մեդիա կենտրոնում» Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ 14 ամբաստանյալների վերաբերյալ դատավճիռը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվել է 2 ժամում, աննախադեպ հապճեպ. «Խախտվեցին ամբաստանյալների վերջին խոսքի իրավունքը, որոշ ամբաստանյալների՝ պաշտպան ունենալու իրավունքը: Դատարանը գնաց այդ խախտումներին եւ մեղավոր ճանաչվեցին մեր պաշտպանյալները: Դա կապում ենք այն հանգամանքների հետ, որ մինչ դատավճիռը՝ խախտվեց մեր պաշտպանյալների անմեղության կանխավարկածը: Երկրի նախագահը. ԱՄՆ այցի ժամանակ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, ասաց, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այսինքն, նա հստակ խախտեց անմեղության կանխավարկածը, այն դեպքում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատարանը դատավճիռ չէր կայացրել: Այդ կապակցությամբ մեր կողմից միջնորդություններ ներկայացվեցին, դատարանը անտեսեց դրանք, մերժեց եւ արագ վճիռներ կայացրեց»: Ըստ փաստաբանի, նաեւ խաղաղ հավաքների ազատության իրավունքն է խախտվել, ուստի այդ մասով եւս բողոք է ներկայացվել ՄԻԵԴ. «Իշխանությունները սադրիչների միջոցով հրահրեցին վեճ եւ նրանց ներքաշեցին քրեական գործի մեջ, որի արդյունքում անհիմն խուլիգանական հոդվածները առաջ քաշվեցին: Մեղավոր ճանաչվեց նաեւ Շահեն Հարությունյանը, ով այդ պահին ընդամենը 14 տարեկան էր»: Ուշագրավ է, որ Եվրադատարանը սեպտեմբերի 15-ին ներկայացված գանգատը գրանցել է հոկտեմբերի 1-ին: Ինեսսա Պետրոսյանի խոսքերով՝ դա աննախադեպ արագություն է, որ 15 օրվա ընթացքում գործը գրանցվել է ՄԻԵԴ-ում: Դա լուրջ քայլ է. «Հետագայում գործը հնարավոր է քննվի ոչ թե միանձնյա դատավորի կողմից, այլ՝ պալատի կողմից: Հնարավոր է կառավարությանը հարցեր ուղղեն»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով՝ այն, որ Եվրոպական դատարանը 15 օրում գրանցել է դիմումը, ուղերձ է մեր կառավարությանը: Նրա դիտարկմամբ, ՄԻԵԴ-ի այդ քայլը հնարավոր է բացատրվում է նրանով, որ Շանթ Հարությունյանի պայքարը ԵՏՄ-ի անդամակցության հետ էր կապված, Շանթ Հարությունյանը այդ անդամակցության համար իր բողոքն էր հայտնել, ընդվզել գաղափարի դեմ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ եք ակնկալում Եվրադատարանից, եթե որոշվի, որ մեր երկրի նախագահն իսկապես խախտել է անմեղության կանխավարկածը, ի՞նչ է նրան սպասվում եւ ի՞նչ չափի տուգանք ստիպված կլինի մուծել մեր կառավարությունը, եթե վճիռ կայացվի հօգուտ Շանթ Հարությունյանի ու ընկերների: Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց, որ այստեղ հարցն այնքան տուգանքը չէ, ինչքան այն, որ ճանաչվեն այդ խախտումները, որոնք մեր կողմից բարձրացել են. «Եթե ճանաչվի, որ երկրի նախագահը խախտել է անմեղության կանխավարկածը, իրենց վրա լրացուցիչ պարտավորություններ կդրվեն: Ակնկալում եմ, որ Վճռաբեկ դատարանի վրա գործի վերանայման հարց կդրվի»: Արթուր Սաքունցը պատասխանեց. «11 հոգու տուգանքը կունենա էական նշանակություն իշխանության համար: Քաղաքական առումով որոշումը կունենա էական եւ հիմնարար նշանակություն: Անմեղության կանխավարկածը սկզբունք է, որը երբեւէ չպետք է խախտվի: Սերժ Սարգսյանը իրեն վերապահում է դատարանի լիազորություն: Մինչ դատարանի կողմից վճռի հրապարակումը, հայտարարում է, որ այս անձինք մեղավոր են: Թե ինչ պատիժ է սահմանվում նրա համար՝ դա պաշտոնական դիրքի չարաշահում է նախ: Նաեւ Սահմանադրությամբ իշխանության մարմինները իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են, տվյալ դեպքում խոսքը արդարադատության նկատմամբ ճնշման մասին է: Դու՝ բարձրագույն ղեկավար մարմին հանդիսացող անձդ, ճնշում ես գործադրել դատական ատյանների վրա՝ նաեւ խախտելով դատական մարմինների անկախության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Բացի իրավականից, դրա համար կան այլ պատասխանատվություններ: Արդարադատությունը կարող է ուշանալ, բայց չի կարող չլինել: Սերժ Սարգսյանը տալիս է գնահատական՝ ինչպես քննիչը, դա մեղադրանք է, վճիռ է: Մարդը լավ էլ գիտակցում է, թե ինչ ազդեցություն ունի դատական իշխանության վրա, որովհետեւ ինքն է նշանակում այդ դատավորներին: Դու ո՞վ ես, որ ասում ես՝ հանցագործություն է կատարել»:
Աղբյուրը՝ aravot.am