Շանթի և ընկերների գործը ՄԻԵԴ-ը հրատապ է համարել
20:05, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոց պողոտայում տեղի ունեցած բախումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը զարմացած է, որ 15-օրյա ժամկետում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի եւ մյուսների գանգատն ընդդեմ Հայաստանի:
Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Ռուզաննա Բադալյանը՝ հավելելով. «ճիշտն ասած, մեզ համար անսպասելի էր, որ նման սեղմ ժամկետներում ՄԻԵԴ-ը վարույթ կընդունի այս գործը: Թե ինչո՞ւ այդպես արագ որոշվեց վարույթ ընդունել՝ չեմ կարող ասել կամ դա ինչ-որ մի բանի հետ կապել: Միգուցե այս գործը աղմկոտ գործ է՝ դրա համար կամ միգուցե ուղղակի այդպես է ստացվել»:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը սույն թվականի սեպտեմբերի 17-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով: ՄԻԵԴ-ը գանգատը վարույթ է ընդունել 15-օրյա ժամկետում՝ հոկտեմբերի 1-ին, ինչը զարմանալի էր:
Մեր զրույցում Շանթի կինը նշեց, որ Ինեսա Պետրոսյանը Եվրոպական դատարան ուղարկած գանգատում նշել է, որ խախտվել են Հարությունյանի եւ նրա ընկերների՝ խաղաղ երթ անցկացնելու, անմեղության եւ արդար դատաքննության իրավունքները։ «Գանգատում ընդգրկվել է նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նշելով, որ խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը (2014 թվականին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին հանցագործ է անվանել եւ հայտարարել, որ իրենք պետք է դատապարտվեն: Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ սույն գործով դեռեւս վերջնական դատական ակտ չէր եղել.-Տ.Խ.): Նաեւ նշվել է, որ դատարանում որոշակի անձանց վերջին խոսքի հնարավորություն չի տրվել: Փաստաբանը գանգատում նաեւ պնդել է, որ շատ կարճ ժամանակում հնարավոր չէր այդքան ծավալուն գործով, երկու ժամվա ընթացքում դատավճիռը կայացնել, ինչը եւս փաստում է, որ դա քաղաքական երանգ ունի: Բազմաթիվ խախտումներ են եղել թե երթը սկսվելուց հետո, եւ թե դատարանում, փաստաբանը բոլոր խախտումները նշել է»,-մանրամասնեց Ռուզաննա Բադալյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ՄԻԵԴ-ը գնահատական կտա՞, թե ոչ, Բադալյանը նշեց, որ չի կարող ասել, թե ՄԻԵԴ-ը ինչ որոշում կկայացնի այդ մասով. «Մենք սպասելիքներ ունենք ՄԻԵԴ-ից, դրա համար էլ դիմել ենք, սակայն թե կոնկրետ Սերժ Սարգսյանի մասով ինչ որոշում կլինի՝ չեմ կարող ասել: Եվրոպական երկրները՝ առաջադեմ երկրները, իհարկե, ունեն իրենց շահերը, սակայն հնարավորինս փորձում են արդարությունը չշրջանցել, այդ իսկ պատճառով, ես հույս ունեմ, որ ՄԻԵԴ-ը հօգուտ մեզ որոշում կկայացնի: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում հարցը կլուծվի»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ չգիտի՝ Շանթ Հարությունյանը տեղյա՞կ է, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել գանգատը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար եւս անսպասելի էր սույն գործով նման ընթացքը. «Իրապես անսպասելի էր, որովհետեւ սովորաբար Եվրոպական դատարանը շտապ ընթացակարգով միայն այնպիսի գործեր է քննում, երբ առկա են անձի կյանքին վտանգ սպառնացող ինչ-որ իրավիճակներ, որը պահանջում է գործի արագ քննություն: Տվյալ դեպքում, իհարկե, նման հանգամանքներ կարծես թե գործում առկա չեն, որովհետեւ վտանգ սպառնացող խնդիրներ չկան: Բայց բոլոր դեպքերում քաղաքական հետապնդման փաստն է ակնհայտ, որի պարագայում, կարծում եմ, որ Եվրոպական դատարանը նոր պրակտիկա է մշակում, երբ փաստորեն քաղաքական հետապնդումը կամ քաղաքական նպատակներով ազատազրկումը համարում է հրատապ գործերից մեկը, եւ դա շատ կարեւոր է: Այսինքն՝ այս գործը կարող է ունենալ նախադեպային նշանակություն»:
Նրա խոսքով՝ միանշանակ ՄԻԵԴ-ը արձանագրելու է Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Որովհետեւ շատ արտառոց է, երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, որը պետք է համապատասխանի իր մոտեցումներով իրավական եւ ժողովրդավարական պետության չափորոշիչներին, անթույլատրելի է, երբ որ գործադիր իշխանության ղեկավարը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը ըստ էության մեղադրական վճիռ է կայացնում: Կարծում եմ՝ այս հանգամանքը անպայման ուշադրության է արժանանալու: Ես պետք է ենթադրեմ, որ Եվրոպական դատարանի համար այլեւս ակնհայտ է քաղաքական հետապնդման հանգամանքը, որի պարագայում ինքը անիմաստ է գտնում եւ անթույլատրելի համարում գործի քննությունը հետաձգել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր որոշում կլինի»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ խոստացավ մեր հարցերին պատասխանել այսօր սույն գործով կայանալիք ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները ազատազրկման են դատապարտվել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին: Դատավճռի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Հարությունյանն ու ընկերները վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այն: Փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան, իսկ Վճռաբեկն էլ մերժել է վարույթ ընդունել:
Աղբյուրը՝ armtimes.com