Գայանե Առուստամյանի առողջական վիճակը խաթարվել է ոստիկանների բռնությունների պատճառով
23:12, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՔԾ-ի բողոքի քննությունն էր: Հիշեցնենք, որ լրագրող Գայանե Առուստամյանը այս տարվա մայիսի 8-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ: Իսկ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը «Օպերայի» հարակից մասում փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, ով, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանե Առուստամյանը ոստիկանին հարցրել է՝ «ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Առուստամյանին, այնուհետև հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ըստ Գայանե Առուստամյանի, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել: Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել: Գայանե Առուստամյանը պնդում է՝ Ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետևանքով իր ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչելու: Ի դեպ, այս դեպքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՔԾ և ՀՀ Գլխավոր դատախազություն: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գայանե Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով: Դատական նիստը շատ կարճ տեւեց, այն հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի մեկը, որ Արթուր Սաքունցը հասցնի ծանոթանալ քրեական գործի նյութերին: Իսկ մինչ հետաձգումը Արթուր Սաքունցը ներկայացրեց բողոքը՝ նշելով, թե ինչու են պահանջում չեղյալ համարել քրեական գործը կարճելու քննիչ Թադեւոսյանի որոշումը: Պարոն Սաքունցը պատմեց, որ ներկայացվել է փորձաքննություն ներկայացնելու մասին միջնորդություն՝ Առուստամյանի առողջական վիճակում առաջացած որոշ խանգարումների պատճառը պարզելու համար. «Թե ինչ պատճառով կարող էր այդ հիվանդությունը կամ խանգարումն առաջանալ, հնարավոր է որոշել հիվանդության վաղեմությունը, ինչը կրկին մերժվել է: Գայանե Առուստամյանը հայտնել էր, որ մինչեւ նշված դեպքը ինքը բժշկական զննություն էր անցել ու նշված խանգարումներն ու խնդիրները չեն արձանագրվել… գտնում եմ, որ քրեական գործի կարճումը կայացվել է Առուստամյանի իրավունքների եւ ազատությունների խախտմամբ, ենթակա է վերացման հետեւյալ հիմնավորմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով, օբյեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները, հիմք են ընդունվել ոստիկանների ցուցմունքները, անտեսվել տուժող կողմի ցուցմունքները»:
Աղբյուրը՝ aravot.am