Հայաստանում առկա է այս աղտոտված վիճակի կոնսերվացիայի վտանգը
13:15, October 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Արդեն ձևավորվել են «այո»-ի և «ոչ»-ի շտաբները, որոնցից մեկը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը, մյուսը՝ Լևոն Զուրաբյանը։ Ինչպե՞ս եք գնահատում երկու ճամբարների գործունեությունն ու ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում։
Որևէ անակնկալ կամ արտառոց, անսպասելի բան տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ հանրությանն էլ չի հետաքրքրում, թե «այո»-ի կամ «ոչ»-ի շտաբներն ովքեր են ղեկավարելու։ Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանը նախկինում գլխավորել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները, հետևաբար այստեղ ոչ մի անակնկալ չկար։ Ավելին ասեմ, «այո»-ի և «ոչ»-ի շտաբների ձևավորումը կամ դրանց պետերի նշանակումն այն հարցերը չեն, որ կարող են հանրության տեսակետից ուշադրության արժանի լինել։ Միայն մի հանգամանք նշեմ. Եթե քարոզչության ընթացքում Հովիկ Աբրահամյանը շարունակի ղեկավարել «այո»-ի շտաբը, ակնհայտ է, որ տեղի է ունենալու գործառույթների համատեղում, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Պաշտոնական լիազորությունների կատարման ընթացքում գործադիր իշխանության պաշտոնատար անձը, այն էլ վարչապետը, իրավունք չունի քարոզչությամբ զբաղվելու։ Իսկ այս դեպքում ո՞վ է ստուգելու, թե նա աշխատանքի ժամանակ զբաղվում է քարոզչությամբ, թե ոչ։ Դա ոչ ոք չի կարող ստուգել, որովհետև դրա համար պետք է նրա աշխատասենյակի մոտ դիտորդություն կազմակերպվի՝ իմանալու համար, թե նրա տված հանձնարարությունները որքանով կապ ունեն կամ չունեն քարոզչության հետ։Երկրորդ բացահայտումն այն է, որ այն տպավորությունը, որ փորձում են ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը և իր համախոհները ներկայացնել, թե իբր այնքան էլ շահագրգռված չեն այս սահմանադրական փոփոխություններով, չի համապատասխանում իրականությանը, որովհետև վարչապետի անձի նշանակումը շտաբի ղեկավար խոսում է մտադրությունների լրջության մասին։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունների մասին։ Արդյոք սա Ռուսաստանի կողմից թելադրված քայլ է, և արդյոք սրանով Ռուսաստանն ավելի չի միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին։
Արա Աբրահամյանի կողմից նման հայտարարությունն ավելի շատ վկայում է Հայաստանում քաղաքական դաշտի անմխիթար վիճակի մասին։ Բացի դրանից, մյուս կարևոր հանգամանքը ժամանակային գործոնն է։ Ինչո՞ւ հենց հիմա Արա Աբրահամյանը հայտարարեց, այն էլ սահմանադրական փոփոխություններից առաջ, ինչու հենց նույն ժամանակահատվածում ՀԷՑ-ի հետ կապված հարցերն առաջ եկան։ Իշխանությունը կարող էր փորձել ՀԷՑ-ի վաճառքը կազմակերպել նաև հանրաքվեից հետո, բայց հիմա իրականացրեց, և հերթական անգամ վաճառքի արդյունքում սեփականատեր է դառնում ռուսական բիզնեսմեն, որի եղբայրը ներկա է Հայաստանի քաղաքական դաշտում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հանձինս Սամվել Կարապետյանի և Արա Աբրահամյանի արդեն Կրեմլի անմիջական հովանավորություն ունեցող մարդիկ դառնում են անմիջական խաղացողներ մեր քաղաքական և տնտեսական դաշտում։ Սա կարող եմ անվանել դե ֆակտո Հայաստանի միացում Ռուսաստանին, որովհետև մի բան էր, երբ ՀԷՑ-ի սեփականատեր էր ռուսական ընկերությունը, մի այլ բան է, երբ հայկական ծագումով ռուսական կապիտալ է հանդես գալիս, որը վերստին գտնվում է Կրեմլի ազդեցության տակ։ Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի ուղղորդված քայլերն այն սխեման են, որ ժամանակին Պուտինն օգտագործեց Չեչնիայում, երբ Չեչնիայի ղեկավար նշանակեց Քադիրովին, որ կարողանա իրավիճակին տիրապետել։ Պետք է արձանագրել, որ Կրեմլին շատ խիստ է անհանգստացրել Հայաստանի իշխանությունների և այսպես կոչված քաղաքական ուժերի անվճռականությունը, թուլությունը։ Որովհետև այս նույն ժամանակ հայտարարվեց Հայաստանի և ԵՄ-ի հետ բանակցությունների մասին։ Եվ այս ամենի ժամանակային համընկնումը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունների սկսման, հերթական անգամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճշտման և զարգացման, խոսում է այն մասին, որ Հայաստանում ընդհանրապես շատ անմխիթար վիճակ է։ Եվ եթե տարիներ առաջ կարող էինք այս «և…և»-ի սկզբունքը ներկայացնել բոլորովին այլ պայմաններում, երբ կար Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը, և Ռուսաստանի հետ կապված այնքանով, որքանով կան պայմանավորվածություններ, բայց հիմա «և…և»-ի շեշտադրումը փոխվելու է, ավելի շատ ռուսական «և»-ն է որոշիչը դառնում, իսկ եվրոպական «և»-ն այնքանով, որքանով հնարավոր է, որքանով կա ակնկալիք, և այսօր այդ «և»-ը բովանդակություն չի տալիս Հայաստանին։Պաշտպանության, անվտանգության, տնտեսական տեսանկյունից մենք դարձել ենք ավելի խոցելի, և միակ հետաքրքրությունը Հայաստանում Ռուսաստանի համար դարձել է իշխանության լծակների տիրապետումը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի քաղաքականության և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի պրոեվրասիական քաղաքականության հետևանքով այնքան թուլացած և լճացած ենք, որ այս պարագայում, ոչ տնտեսական, ոչ անվտանգության, ոչ պաշտպանության, ոչ քաղաքական որևէ բանով այլևս հետաքրքիր չենք Մոսկվայի համար, և մնում է միայն իշխանության լծակները ձեռք բերի։ Սա կարելի է անվանել քադիրովացում, երբ կարևոր չէ, թե ինչ վիճակ կլինի երկրում, կարևորն՝ իշխանության ղեկին ունենալ այն մարդկանց խումբը, որոնք անվերապահորեն հանդիսանում են վստահելի ենթակա, որոնք միանշանակ կկատարեն Կրեմլի բոլոր հրահանգները։ Այդ տեսակետից, իհարկե, Կրեմլի համար անվստահելի են թե Սերժ Սարգսյանը, թե մյուս քաղաքական ուժերը, որոնք իր համար ոչ թե պարտնյորներ են, այլ ներուժ չունեցող միավորներ, որոնց հետ հաշվի չի նստում նույնիսկ Հայաստանի հանրությունը։ Եվ այս պարագայում «այո»-ի և «ոչ»-ի շտաբները իրապես որևէ քաղաքական դաշտ չունեն, մեկն ունի վարչական լծակները, մյուսն ունի ԱԺ-ում սահմանափակ տարածք։Դրա համար, ցավոք սրտի, այս պահին սահմանադրական փոփոխությունները չեն մեր գլխավոր սպառնալիքը, դրանք ներքին սպառնալիք են, իսկ արտաքին սպառնալիքները հերթական անգամ գալիս միահյուսվում են այդ սպառնալիքների հետ, և մենք ունենում ենք բավական «հետաքրքիր» իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացին դեմ հանդիման է մնում անունակ քաղաքական համակարգին։ Ես ոչ թե հոռետեսորեն եմ տրամադրված, այլ ուղղակի մեր չարած աշխատանքների և կորցրած ժամանակի պտուղներն ենք քաղում։ Եթե այս միակուսակցական համակարգն ամրագրվի, դա բոլորովին այլ սպառնալիք է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ միակուսակցական համակարգը ոչ թե դառնալու է գործիք Սերժ Սարգսյանի կամ իր օլիգարխների համար, այլ այդ համակարգը դառնալու է որպես Կրեմլի գործոն՝ ավելի հեշտացնելով մեկ կենտրոնից կառավարումը, մինչդեռ հիմա քիչ թե շատ բազմակենտրոն իրավիճակներ կան։
Կարծում եք՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահի պաշտոնին ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանի նշանակումը նույնպես Կրեմլի գործոնով է պայմանավորված։
Տիգրան Սարգսյան, Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան… մի կարևոր բան է կարմիր գծով անցնում այս իրավիճակում։ Երբ իրավապահ համակարգը չի աշխատում, որի հետևանքով խայտառակ սկանդալների մեջ ներգրավված Տիգրան Սարգսյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվում, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված բացահայտում չի արվում և ուղղակի վաճառվում և ծածկադմփոց է արվում, մեկ էլ գալիս է սեփականատերը եւ ասում՝ ես ձեզ կփրկեմ այդ կոռուպցիոն հանցանքներից: Նույնը Արա Աբրահամյանի դեպքում է, որը բացարձակապես որևէ իրավունք չունի ՀՀ-ի քաղաքական դաշտում ի հայտ գալու, նա ՌԴ քաղաքացի է, և իրավունք չունի ռուսական կապիտալը քաղաքական նպատակների համար ծառայեցնել։ Հայաստանը վեր է ածվել Սադախլուի շուկայի, որտեղ կան խաղի կանոններ, որտեղ բոլորն իրավունք ունեն վաճառելու, բայց ամբողջը վերահսկվում է կրիմինալի կողմից։ Հիմա, մերժելով Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները, որը ոտքից գլուխ անընդունելի է, չեն առաջարկում այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ, այսինքն՝ «ոչ» չեն ասում ռուսական ազդեցությանը, «ոչ» չեն ասում Կրեմլի քաղաքականությանն աշխարհում և մեր հարևան երկրի նկատմամբ, «ոչ» չեն ասում ռուսական կապիտալի կոռուպցիոն դրսևորումներին Հայաստանում։ Տիգրան Սարգսյանը չկարողացավ հանգրվանել ու իր գոյությունը շարունակել Միացյալ Նահանգներում, և բնականաբար նրա համար լավագույն տեղը այդ ռուսական կառույցն է։ Դաշտն ապականված է, մոլախոտերով է լցված, մինչդեռ հնարավոր չէ այս մոլախոտերով դաշտը բաժանել մասերի, բաժանել և տեսնել՝ հետո ինչ ենք անում այս տարածքի հետ։ Դրա համար պետք է մաքրել տարածքը, իսկ դրա համար մաքրողներ են պետք։ Մաքրողը հասարակությունը պետք է լինի, բայց արդյոք հասարակությանը ներգրավում են այդ մաքրման գործընթացներին։Հայաստանում առկա է այս աղտոտված վիճակի կոնսերվացիայի վտանգը։ Այստեղ մենք բավական անելիքներ ունենք, հանրությունը, ազատության կղզյակները՝ հանձինս ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, սրանք են միակ երաշխիքն այս իրավիճակից դուրս գալու։ Եվ քաղաքացիական հասարակությունը որքան բազմազան լինի, այնքան լավ։
Աղբյուրը՝ lragir.am