Սողոմոն Քոչարյանի դեպքը բացառիկ էր, իսկ մյուսնե՞րը
13:48, October 24, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ ծանր հիվանդությունների հիմքով ազատություն ստացավ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը փաստը համարեց ողջունելի և բացառիկ երևույթ: Իրավապաշտպանը, սակայն, կարծում է, որ սա պետք է ընդունել՝ որպես հաջողություն կոնկրետ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ, ինչը չի կարող համարել որպես համակարգի հաջողության փաստ.
«Որպեսզի մենք ունենանք հիմք պնդելու, որ պետության քաղաքականությունը ցմահ բանտարկյալների վերաբերյալ բեկումնային փոփոխություն է կրել՝ պետք է մենք ունենանք նմանատիպ կամ գոնե ռեժիմի փոփոխման, պայմանական վաղաժամկետի կիրառման այլ դեպքեր, առհասարակ, ընթացակարգերի արմատական փոփոխություն՝ բոլոր ցմահների հետ կապված»,- ասում է Սաքունցը և նկատում, որ Սողոմոն Քոչարյանը մեղադրվել է դատարանի կողմից մի հանցագործության մեջ, որի տուժող կողմը հանդիսացել է ոչ ՀՀ քաղաքացի: Գուցե դա իր հերթին ոչ պակաս նշանակություն է ունեցել:
«Մենք պետք է հետևենք հետագա իրադարձություններին՝ արդյոք մյուս ցմահների վերաբերյալ կլինի՞ նման դիրքորոշում, թե՞ ոչ: Մենք այլ բազմաթիվ հարցեր ենք բարձրացնում, որոնք, սակայն, ազդեցություն չեն ունենում, այդ պատճառով զերծ կմնամ ավելորդ ոգևորությունից»,- ասաց իրավապաշտպանը և զրույցի վերջում առողջություն ցանկացավ Սողոմոն Քոչարյանին, որպեսզի կարողանա լիարժեք ապրել ազատության մեջ:
Սաքունցը նաև կարևոր գործոն համարեց երկրում կոնկրետ այս ժամանակահատվածը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Աղբյուրը՝ lurer.com