ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բոշյանների գործով ներկայացված բողոքը
10:49, October 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց Անի և Հակոբ Բոշյանների ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և նույն գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Սույն վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. սեպտեմբերի 2-ի որոշման դեմ, որով մերժվել էր ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստի պատճառով:
Դատական նիստին մասնակցում էին բողոքաբերների ներկայացուցիչ Ա. Սաքունցը և վերահսկող դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Գ. Գևորգյանը:
Շարունակելով ներկայացնել վերաքննիչ բողոքը ՝ Ա. Սաքունցը հիմնավորումներ ներկայացրեց Ա. Բոշյանին ոստիկանության բաժնում 18:00-ից մինչ 03:00-ն անհիմն պահելու, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ և գտավ, որ ստորադաս դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են դատարանի որոշումը բեկանելու համար: Ա. Սաքունցը պահանջեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. սեպտեմբերի 2-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել դիմումատուների իրավունքների և ազատությունների խախտումները և գործն ուղարկել նախաքննության:
Վերաքննիչ բողոքի դեմ իր առակությունները ներկայացրեց վերահսկող դատախազ Գ. Գևորգյանը՝ գտնելով, որ ստորադաս դատարանի դատական ակտը հիմնավորված և օրինական է և խնդրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը:
Բողոքի քննության ընթացքում Ա. Սաքունցը Ա. Բոշյանի հոգեվիճակի հետազոտության արդյունքները գործին կցելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել, որի պատճառով տուժող կողմն ինքն է միջոցներ ձեռնարկել այդպիսի հետազոտություն կատարելու համար, իսկ հետազոտության արդյունքներն ստացվել են նախաքննության ավարտից և առաջին ատյանի դատարանում բողոքի քննությունից հետո:
Գ. Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական դատավարությանն անձը որպես փորձագետ ներգրավվում, և փորձաքննությունը կատարվում է միայն սահմանված կարգով:
Նախագահող դատավոր Ա. Խաչատրանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, մերժեց այն՝ հիմնավորելով, որ միջնորդության ներկայացումը չի բխում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածից:
Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Շուրջ կես ժամ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց Ա. Բոշյանի և Հ. Բոշյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ա. Զալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թ. հոկտեմբերի 26-ի որոշման դեմ Ա. Սաքունցը և Ա. Զալյանը բողոք կներկայացնեն ՀՀ Վճռաբեկ դատարան: