ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկել է հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում կայացած ՏԻՄ ընտրությունները
01:18, October 31, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ուկրաինայում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Անուշ Համբարյանը և Նարինե Եգանյանը մասնակցեցին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) շրջանակներում Եվրոպական փոխանակման (European Exchange) և Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) կողմից կազմակերպված պրակտիկային, որի ընթացքում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացրին մի շարք ընտրատեղամասերում:
Այցի շրջանակներում Կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին քննարկումների, մամուլի ասուլիսների, որոնց ընթացքում տեղական կազմակերպությունների անդամները ներկայացրին Ուկրաինայի ներքաղաքական դրությունը, այդ պայմաններում տեղական ընտրությունների անցկացման և օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններն ու բացերը: Քննարկումների ընթացքում բանախոսներն իրենց ելույթներում հատկապես կարևորում էին ներքին տեղահանված անձանց՝ ընտրական իրավունքի իրացման հնարավորությունից զրկված լինելու խնդիրը. շուրջ 1,5 միլիոն անձինք, գրանցված չլինելով իրենց ներկայիս բնակության վայրում, չունեն հնարավորություն մասնակցելու իրենց համայնքներում իշխանության ձևավորմանը: Հետաքրքիր է, որ բնակության վայրի վերաբերյալ պահանջները չեն տարածվում թեկնածուների վրա. քաղաքացին կարող է առաջադրվել ցանկացած համայնքում անկախ բնակության և գրանցման վայրից:
Ըստ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խնդրահարույց է նաև տեղական ընտրությունների վերաբերյալ 2015թ. հուլիսին ընդունված օրենքը: Այն սահմանում է 3 տեսակի ՏԻՄ ընտրություններից բաղկացած ընտրական համակարգ, որն ընտրական գործընթացի արդյունավետության և ընտրողների համար հասկանալի լինելու տեսանկյունից բարդություններ է առաջացնում: Ընտրական համակարգն ունի հետևյալ կառուցվածքը.
1. Գյուղերի և ավանների խորհուրդները (ընտրվում են մեծամասնական կարգով) ինչպես նաև գյուղերի, ավանների և 90,000-ից պակաս բնակչություն ունեցող քաղաքների ղեկավարներն ընտրվում են ուղղակի ընտրությունների միջոցով: Հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է ամենաշատ թվով ձայները:
2. 90,000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքների քաղաքապետերը ընտրվում են պարզ մեծամասնությամբ (50%+1): Եթե թեկնածուներից որևէ մեկը բավարար քանակով ձայներ չի հավաքում, ապա տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ:
3. Մարզերի, շրջանների, քաղաքների և թաղամասերի խորհուրդներն ընտրվում են համամասնական ընտրակարգով: Յուրաքանչյուր տարածքային միավոր, որտեղ տեղի են ունենում ընտրություններ, բաժանվում է համապատասխան խորհրդի անդամների թվին հավասար ենթաշրջանների: Կուսակցությունները թեկնածուների ցուցակներ են ներկայացնում ողջ բազմամանդատ տարածքային միավորի համար: Կուսակցության ցուցակն ունենում է մեկ առաջատար թեկնածու, ով չի կցվում որևէ ենթաշրջանի և համարվում է ընտրված, եթե կուսակցությունը շահում է գոնե մեկ տեղ, իսկ մյուս թեկնածուները կարող են կցվել մեկ, մի քանի կամ բոլոր ենթաշրջաններին: Յուրաքանչյուր ենթաշրջան ունենում է առանձին քվեաթերթիկ, որտեղ նշվում են կուսակցությունների անունները, կուսակցություների առաջատար թեկնածուների անունները և տվյալ ենթաշրջանին կցված թեկնածուի անունը, եթե կա այդպիսին: Այսպիսով, թեև այս ցուցակները ներկայացվում են որպես «բաց ցուցակներ», ընտրողը մեկ քվեով ընտրում է կուսակցությունը, նրա առաջատար թեկնածուին և տվյալ ենթաշրջանին կցված թեկնածուին, եթե կա այդպիսին:
Խորհրդի տեղերը բաշխվում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, իսկ վերջիններիս ցուցակներից տեղեր են ստանում առաջատար թեկնածուն՝ անկախ ստացած ձայների թվից և առավել շատ ձայներ ստացած թեկնածուները:
Հանդիպումների ժամանակ նախընտրական քարոզարշավի վերաբերյալ նշվեց, որ Ուկրաինայում շատ հաճախ գործում է «ասիական մրցակցության» տարբերակը, երբ մրցակցությունը վերածվում է անձնական թշնամանքի: Քարոզչության օրերին կազմակերպության ներկայացուցիչները ականատես են եղել դեպքի, երբ մի քաղաքացի կուսակցություններից մեկի ներկայացուցչին խանգարում էր քարոզչություն իրականացնել՝ նրա ձեռքի քարոզչական նյութերը գետնին թափելով և քարոզչական պաստառներ կրող վահանակները տապալելով: Ընդգծվեց նաև այն հանգամանքը, որ կուսակցություններն իրենց քարոզչությունն իրականացնելիս ավելի շուտ թիրախավորում էին համապետական նշանակության հարցեր, ինչպես, օրինակ, գազի սակագինը, կենսաթոշակային բարեփոխումները, այլ ոչ թե տեղական նշանակության խնդիրներ:
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կուսակցությունների կողմից ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկությանն առնչվող հարցերի: Օրենքը մեծամասնական կարգով թեկնածուներին և կուսակցություններին պարտավորեցնում է քարոզարշավի ծախսերը և կատարված նվիրատվությունները ներկայացնել համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ պարտավոր է հրապարակել դրանք, սակայն օրենքը չի սահմանում թե կոնկրետ ինչ ծավալով և ինչ կարգով պետք է այդ տեղեկությունը հրապարակվի, ինչը թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից անվստահություն կարող է առաջացնել:
Ընտրությունների օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Կիևի շրջանի տասից ավելի ընտրատեղամաս՝ հետևելու ընտրությունների ընթացքին: Տեղամասերում արձանագրվեցին կազմակերպական բնույթի այնպիսի թերացումներ, ինչպիսիք են քվեարկությունն ուշացումով սկսելը, քվեատուփերի անբավարար քանակը, դրանց վրա կապարակնիքների բացակայությունը, քվեարկության գաղտնիության ապահովման ցածր մակարդակը, տեղամասերի մոտակայքում քարոզչական նյութերի առկայությունը, ընտրատեղամասերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը և այլն: Ուշագրավ էին ընտրացուցակներում տեղ գտած որոշ թերացումներ՝ ընտրացուցակներում տեղ էին գտել այնպիսի անձանց տվյալներ, ովքեր գրանցված չէին տվյալ ընտրատարածքում և հակառակը՝ տասնութ տարին լրացած անձինք, ովքեր փաստացի ունեին ընտրական իրավունք, սակայն նրանց տվյալները բացակայում էին ընտրացուցակներից: Կազմակերպության աշխատակիցների ուշադրությունից չվրիպեց նաև հանձնաժողովի անդամների փորձառության պակասը՝ իրենց գործառույթներն իրականացնելիս: Սակայն հարկ է նշել նաև, որ դիտորդների տպավորությամբ, արձանագրված խախտումները ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն չունեցան:
Ուկրաինական խորհրդարանը որոշում էր կայացրել ընտրություններ չանցկացնել Ուկրաինայի՝ ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքում, ինչպես նաև անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ Դոնեցկի և Լուգանսկի մի շարք համայնքներում, բացի դրանից՝ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից իրականացված սաբոտաժի արդյունքում ընտրությունները չեղյալ հայտարարվեցին նաև Մարիուպոլ, Կրասնոարմեյսկ և Սվատովո բնակավայրերում:
Ուշագրավ էր տեղամասերում ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դիտորդների և վստահված անձանց մեծ թիվը: Որոշ տեղամասերում գրանցված էին մինչև 80 դիտորդ և վստահված անձ: Ուկրաինայում դիտորդություն իրականացնող երկու ամենախոշոր տեղական կազմակերպությունները՝ Օպորա քաղաքացիական ցանցը (Civil Network OPORA) և Ուկրաինայի ընտրողների կոմիտեն (CVU) միասին ունեին 7000 կարճաժամկետ դիտորդ, ովքեր առաքելություն էին իրականացնում կամավորական սկզբունքով: Հարկ է նշել, որ թեև Ռուսաստանի Դաշնությունը պետական մակարդակով դիտորդական առաքելություն չէր իրականացնում, այնուամենայնիվ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգրկված էին այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի շրջանակներում:
Համաձայն տեղական ընտրությունների մասին վերոնշյալ օրենքի՝ թե՛ տեղական հասարակական կազմակերպությունների, թե՛ թեկնածուների և կուսակցությունների կողմից հավատարմագրված դիտորդները (ՀՀ-ում՝ վստահված անձինք) այդ օրենքի որևէ դրույթի խախտում արձանագրելու դեպքում կարող են բողոք ներկայացնել համապատասխան ընտրական հանձնաժողով կամ դատարան, որը ստորագրվում է իրենց, ինչպես նաև առնվազն երկու ընտրողի կողմից, ովքեր նույնպես հաստատում են այդ խախտման առկայությունը: Հայաստանում վստահված անձինք կարող են բողոքարկել հանձնաժողովի անդամների որոշումները, գործողությունները և անգործությունը, ընտրությունների արդյունքները, եթե ներկա են եղել հաշվարկին, ինչպես նաև իրենց իրավունքների խախտումների հետ կապված բողոքներ կարող են ներկայացնել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների դիտորդները միայն իրենց իրավունքների խախտումների հետ կապված բողոքներ ներկայացնելու իրավունք ունեն:
Հատկանշական է, որ այս ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն էին՝ Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ իշխանությունն անցավ ընդդիմության ձեռքը, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում դեռևս նախկին իշխանությունն էր գործում: