<<Խորհրդարանական համակարգին անցումը մեր երկիրը կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի կվերածի>>. Վահրամ Մարտիրոսյան
14:03, October 31, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններ2015 թվականի հոկտեմբերի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կազմակերպվել էր քննարկում՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Քննարկումը վարում էր Գայանե Աբրահամյանը, բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Բացման խոսքում ներկայացնելով հանդիպում-քննարկման նպատակը՝ Գայանե Աբրահամյանը խոսքը տրամադրեց Վահրամ Մարտիրոսյանին՝ խնդրելով ներկայացնել իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների նպատակի և անհրաժեշտության վերաբերյալ: Վերջինս նախ անդրադարձավ խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը՝ մտահոգություն հայտնելով, որ նախատեսվող համակարգում պառակտված ընդդիմադիր դաշտի պայմաններում դրական արդյունք ակնկալել չի կարելի, ապա նշեց. <<Հասարակությունը ավելի պատրաստ է ընտրելու որևէ անձի, քան որևէ կուսակցության>>: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու մարտահրավերներին, ապա բանախոսը նկատեց, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դրել՝ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկելու, իսկ դա, ամենայն հավանականությամբ, կարվի՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության հաշվին, նշելով՝ <<Այն նախագահը, որը կզիջի Արցախը, նա կզրկվի իշխանությունից>>:
Ապա եզրափակեց՝ <<Խորհրդարանական համակարգին անցումը մեր երկիրը կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի կվերածի>>
Իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, իր խոսքում նախ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հանրային պահանջի բացակայությանը, խոսեց Սահմանադրության նախագծում տեղ գտած եզրաբառերի ու ձևակերպումների մասին, քննարկեց կոնկրետ հոդվածներ: Մասնավորապես՝ նշեց, որ եթե ներկայիս Սահմանադրությամբ նորմերը գործում են անմիջականորեն, ապա առաջարկված նախագծում դրանք այլևս անմիջականորեն չեն գործելու, այլ ընդամենը կարգավորվելու են օրենքներով: Ինչ վերաբերում է պետության պարտավորություններին, ապա իրավաբանը ընդգծեց, որ պետությունն այս նախագծով պարտավոր չէ այս կամ այն սոցիալական խնդիր լուծել, այլ միայն <<խթանում, աջակցում, նպաստում է>>՝ հավելելով՝ <<Սահմանադրության նախագծում խնդիրները վերածվել են նպատակների>>: Հ. Տիգրանյանը ևս շեշտեց նախագահ ընտրելու և կուսակցություն ընտրելու տարբերությունը, անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների անցկացման ժամկետներին ու եղանակներին: Ամփոփելով խոսքը՝ բանախոսը նշեց, որ մենք գործ ունենք ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ <<Նոր Սահմանադրության>> հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հիմնականում անդրադարձավ կայուն մեծամասնության ձևավորմանը՝ նշելով, որ իշխանության մարմինները ընտրվելու են Խորհրդարանի կողմից քվեների 3/5-ով, այն է՝ 60%-ով, իսկ այսօր Ազգային ժողովում այդքան քվե Հանրապետական կուսակցությունը կարող է ապահովել, հետևաբար՝ կայուն մեծամասնության գաղափարը միմիայն ծառայելու է իշխող կուսակցության շահերին՝ <<Արդյո՞ք կարող է լինել ժողովրդավարություն մի կուսակցության մենաշնորհի պարագայում>>: Ա. Սաքունցը նշեց, որ մեզ զրկում են մեր իրավունքները պաշտպանելու բոլոր գործիքներից. <<Այսօր մենք հնարավորություն չունենք պաշտպանելու մեր Սահմանադրությունը>>:
Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսներին, քննարկեցին մտահոգող հարցեր և կարևորեցին նմանօրինակ հանդիպումների ու իրազեկման միջոցառումների անհրաժեշտությունը:
Տես նաև՝ hetq.am