Արման Անտոնյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
17:23, November 1, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2015թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ռ. Թադևոսյանի, կայացավ բողոքաբեր Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Սույն բողոքով պահանջվել է՝ վերացնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Դատարանը մերժել էր Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը:
Բողոքի քննությանը ներկայացել էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և վարույթն իրականացրած քննիչ Արսեն Գեղամյանը: Վերջիններս չառարկեցին բողոքի քննությունը բողոքաբերի մյուս ներկայացուցչի և վերահսկող դատախազի բացակայությամբ անցկացնելու դեմ: Հաշվի առնելով կողմերի կարծիքը, ինչպես նաև պատշաճ ծանուցված լինելով հանդերձ դատական նիստին չներկայանալու փաստը՝ Դատարանը որոշեց դատական ստուգումը շարունակել մյուս կողմերի բացակայությամբ:
Նախագահող դատավորը հրապարակեց ստորադաս դատարանի դատական ակտը և ներկայացված վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց Ա. Սաքունցին:
Վերջինս վերաքննիչ բողոքով մի շարք հիմնավորումներ ներկայացրեց նախաքննության ընթացքում Ա. Անտոնյանի կյանքի իրավունքի խախտման շուրջ ոչ արդյունավետ քննություն կատարելու և սույն գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված խախտումները չվերացնելու մասին: Ա. Սաքունցը խնդրեց՝ բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, կայացնել նոր դատական ակտ և գործն ուղարկել նախաքննության:
Ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց վարույթն իրականացրած քննիչ Ա. Գեղամյանը: Վերջինս նշեց, որ վերաքննիչ բողոքի հիմնավորումները չեն բխում գործի նյութերից, նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվել, դրանց ուղղությամբ տարվել է բազմակողմանի քննություն: Նա, իհարկե, ընդունեց, որ ՀՀ Առողջապահության նախարարություն կատարած հարցման պատասխանը մեկ տարի անց ստանալը թերություն է, սակայն նշեց, որ ստացված արդյունքները էական նշանակություն չեն ունեցել գործի ելքի վրա:
Դատավորի հարցերին ի պատասխան՝ Ա. Գեղամյանը նշեց, որ հիվանդության պատմագիրն առձեռն է հանձնվել հիվանդներին և դրա վերաբերյալ որևէ գրավոր փաստաթուղթ չի կազմվել: Դատավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են կատարվել ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որին ի պատասխան՝ վարույթն իրականացրած քննիչը նշեց, որ հարցաքննվել են Ա. Անտոնյանին բուժող բժիշկը, բուժքույրը, նշանակվել է ևս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:
Միաժամանակ քննիչը դատարան ներկայացրեց նախաքննության նյութերը, որոնց ծանոթանալու նպատակով դատարանն անհրաժեշտ համարեց հետաձգել դատական նիստը և նշանակել մեկ այլ հերթի:
Բողոքի քննությունը կշարունակվի 2015 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին:
Տես նաև՝ hcav.am