Խաղի ընթացքում կանոններ փոխելը ռիսկային է
18:02, November 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԱռաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ խոսելիս ընտրական գործընթացների կազմակերպմանը մասնակից պաշտոնյաները պնդում են, որ ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ նախատեսում է արդար, թափանցիկ և վերահսկելի ընտրությունների կազմակերպման գործընթաց: Ընդդիմությունը, սակայն, արդեն իսկ բարձրաձայնում է սպասվելիք ընտրախախտումների ու կեղծիքների մասին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մտահոգություններ ունի, որ առաջիկա հանրաքվեին կեղծիքներն անխուսափելի են, և այդ մասին է վկայում իշխանությունների կողմից առաջարկվող նույնականացման քարտով քվեարկելու օրենսդրական փոփոխությունն առանց վերահսկողական մեխանիզմի ներդրման:
«Խնդիրը միանշանակ է, իրենք մտահոգված են, թե կարող է արդյոք սահմանադրական հանրաքվեն անցնի առանց որևիցե ցնցումների, որովհետև շատ լավ գիտակցում են իշխանության, վարչակազմի նկատմամբ վստահության շատ ցածր մակարդակը, չնայած որ ունեն բավականին լուրջ վարչական ռեսուրսներ: Եվ այդ պատճառով պետք է մտածեն տարբեր մեխանիզմներով ձայներն ապահովելու մասին: Հիմա խաղի ընթացքում երբ որ խաղի կանոնների փոփոխություն է մտնում, դա արդեն իսկ ռիսկային է, որովհետև նույնիսկ առանց նույնականացման քարտի կրկնակի քվեարկության մտահոգությունն առկա էր: Այնպես չի, որ աչքերն ուռել էր, որ, ասենք, ասի՝ գիտես ոնց քվեարկության հնարավորությունների դաշտ ենք ընդլայնում: Բնականաբար միտումը մեկն է՝ օգտագործել ևս մեկ դժվար վերահսկելի մի գործոն, որի միջոցով մանիպուլյացիա, աճպարարություն անեն»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Վերջինս նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների իրավունքը չոտնահարելու և միևնույն ժամանակ վերահսկողական մեխանիզմը պահպանելու համար առաջարկում է այդ անձանց հնարավորություն տալ քվեարկել ժամկետնանց անձնագրերով:
Աղբյուրը՝ galatv.am