Խուդոյանների գործով վերաքննիչ բողոքի քննությունը ավարտված է
10:37, November 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն2015թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, քննության առնվեց 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրից ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հեռացված ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանն իրենց բնակարանի շուրջ ծագած խնդրի պատճառով դեռևս 2013թ. նոյեմբերի 28-ից նստացույց էին սկսել ՀՀ նախագահական նստվայրի դիմաց, որտեղից 2015 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին հեռացվել էին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի պատճառով: 2014թ. մարտի 19-ին Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Հայցադիմումի քննության արդյունքում ՀՀ Վարչական դատարանը մերժել էր ներկայացված հայցը: Հիշյալ վճռի դեմ Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան:
2015թ. նոյեմբերի 5-ի դատական նիստին մասնակցում էին բողոքաբերների ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Մարթա Մելիքսեթյանը և Միխայիլ Սյուքիասյան:
Նախագահող դատավոր Ա. Աբովյանը զեկուցմամբ ներկայացրեց վերաքննիչ բողոքը, որում հիմնավորումներ էին ներկայացվել այն մասին, որ ՀՀ Վարչական դատարանը գործով ձեռք բերված ապացույցները չէր գնահատել բազմակողմանիության, լրիվության և օբյեկտվության սկզբունքների պահպանմամբ, որն էլ հանգեցրել էր ներկայացված հայցի մերժման: Վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ բողոքաբեր կողմը գտել էր, որ գործում առկա ապացույցները չէին կարող հիմք հանդիսանալ հայցը մերժելու, հետևաբար նաև՝ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները իրավաչափ ճանաչելու համար: Այսպիսով, Տ. Սիրադեղյանը պահանջել էր՝ ամբողջությամբ բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2015թ. մայիսի 22-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Գործով պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ:
Դատարանը, կողմերին որոշ ճշտող հարցեր ուղղելուց հետո, բողոքի քննությունը համարեց ավարտված: Դատական ակտը կհրապարկվի 2015 թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:15-ին: