ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ, ՈՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ «ՉՔՎԵԱՐԿԵՆ»
17:19, November 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններԹրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասրակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ Սյունիքի մարզում կազմակերպում է հանրային քննարկումներ ՀՀ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների եւ դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում են լրագրող Գայանե Աբրահամյանը, իրավաբան Քրիստինե Գեւորգյանը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը:
Սիսիանի` «ԲԱՍՈՆԱ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած քննարկմանը բանախոսները նշեցին, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեին քննության է դրվելու ՀՀ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծ, որի համար չի եղել հանրային պահանջ եւ այն մշակելիս իշխանությունը չի հարցրել հանրության կարծիքը: Առաջարկվող նախագծում կա մոտ 250 լրացում եւ փոփոխություն, ինչը բանախոսները գնահատեցին ոչ թե Սահմանադրության փոփոխություն, այլ, ըստ էության, նոր Սահմանադրություն: Չնայած նրան, որ նախագծում կան որոշակի դրական զարգացումներ, այնուամենայնիվ ընտրություններում ժողովրդի մասնակցության, սոցիալական իրավունքի, շրջակա միջավայրի պահպանության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոլորտում մի քանի կարեւոր հիմնադրույթներ մնում են խնդրահարույց: Իսկ մի քանի հոդվածներ, ինչպես` մտքի, խղճի եւ դավանանքի ազատության, անգամ վտանգ են պարունակում իրենց մեջ:
Բանախոսները նշեցին, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար հանրապետությունում իրականացվում է թե «Այո-ի», թե «Ոչ-ի» քարոզարշավ: Կա նաեւ այն բոյկոտելու կողմնակիցների մի ստվար զանգված, ովքեր գտնում են, որ հանրապետության սոցիալական այս ծանր պայմաններում կարիք չկար 3,5 միլիոն դոլար ծախսել հանրային պահանջ չհանդիսացող սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: «Մեր խնդիրը հանրությանը իրազեկելն է, քանի որ մեր քաղաքացիները պատշաճ իրազեկված չեն: Որ գործող Սահմանադրությունը փոփոխության անհրաժեշտություն ունի, դա փաստ է, բայց` ինչպ՞իսի փոփոխության: Ողջ խնդիրն այն է, որ գործող Սահմանադրությունը չեն աշխատեցնում, որ իմանանք այն աշխատող է, թե աշխատող չի: Ընթացակարգային պահը աշխատում է, բայց բովանդակային առումով չի աշխատում,-նշեց Լեւոն Բարեղյանը: –Ի վերջո, սա հնարավորություննե՞րի փաստաթուղթ է, թե՞ սահմանափակումների: …Այնպես անենք, որ հանգուցյալները չքվեարկեն»,-ասաց նա:
Բարելավվելո՞ւ է ժողովրդի վիճակը այս փոփոխություններով քննարկմանը ներկա Արսեն Ավագյանի հարցմանը տրվեց բացասական պատասխան:
Սահմանադրության նոր նախագծի դրական կողմերին անդրադարձավ Վոլոդյա Հովհաննիսյանը` նշելով կոնկրոտ հոդվածներ, որոնք առաջին անգամ քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի կառավարման գործընթացներին:
Ամփոփելով քննարկումը, բանախոսները բանաձեւեցին Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը, գտնելով, որ այդ փոփոխությունները երկիրը տանում են սովետական տիպի միակուսակցական ղեկավարման մոդելի:
Քննարկման մասնակիցները միաժամանակ կարեւորեցին այն հանգամանքը, որ եւ այո-ի եւ ոչ-ի դեպքում քաղաքացին իրավունք ունի իրազեկված լինել` իր քվեարկությունը կատարելուց առաջ, ինչին էլ միտված են այս հանդիպումներն ու քննարկումները:
Աղբյուրը՝ vorotan.am