Վրաստանում կայացավ հաշտեցման թեմայով միջազգային երիտասարդական ծրագրի երկրորդ փուլը
17:58, November 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն«Ակտիվ քաղաքացիները՝ հանուն հաշտեցման» ծրագրի շրջանակներում Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 2015 թվականի հոկտեմբերի 18-26-ը կայացավ «Հաշտեցում. խաղաղության կառուցում հիշողությունների միջոցով» (“Reconciliation: Building Peace Together Through Remembrance”) դասընթացների 2-րդ փուլը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայում գործող «Եվրոպական միջմշակութային ֆորում» կազմակերպության կողմից, որի գործընկերը Հայաստանում, վերոհիշյալ դասընթացի շրջանակներում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է:Ինչպես նախորդ դասընթացին, որը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի սկզբին, այս անգամ ևս մասնակցում էին Իտալիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կազմակերպություններ ներկայացնող 24 ակտիվ երիտասարդներ, որոնց միավորում էր ամբողջ աշխարհում և մասնավորապես իրենց տարածաշրջաններում խաղաղության հաստատման և պահպանման ձգտումը՝ երիտասարդ սերնդի ներգրավման միջոցով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նախ միմյանց հետ և այնուհետև միմյանց երկրների պատմությունների որոշ դրվագներին, առկա կոնֆլիկտներին և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Դասընթացը հագեցած էր թե՛ տեսական և թե՛ գործնական ուսուցողական պարապմունքներով: Մասնակիցներին ներկայացվեցին մի շարք տեսական նյութեր: Նրանք ծանոթացան հայտնի փիլիսոփաներ Էմանուիլ Կանտի և Արիստոտելի «խաղաղություն» և «արդարություն» տերմինների ձևակերպումներին, որից հետո խմբային աշխատանքների ժամանակ քննարկեցին իրենց համար առավել նախընտրելի տարբերակները: Դասընթացավարները ներկայացրին «Փոփոխության տեսությունը»: Այն իրենից ներկայացնում է հիմնական նպատակի սահմանում և դրան հասնելու տարբեր նախապայմանների մշակում: Տեսության ներկայացումից հետո մասնակիցներին հնարավորութուն տրվեց առօրյա կյանքի օրինակների հիման վրա պատկերել փոփոխության հասնելու ուղիները, քայլերը: Գործնական առաջադրանքը նպատակ ուներ օգնել մասնակիցներին պատկերել լուրջ և իրական կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ուղին, որը նրանք կարող են իրականացնել սեփական ծրագրերի նախաձեռնության շնորհիվ: Գործնական աշխատանքների միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան նաև խմբային քննարկումներում ներկայացնել իրենց անձնական կոնֆլիկտի և հաշտեցման դեպքերը՝ վերլուծելով դրանք և առանձնացնելով իրենց համար առավել օգտակար մոտեցումները կոնֆլիկտի կարգավորման համար: Հետաքրքիր էր նաև սեփական ուժերը փորձելու գործընթացը դասընթացի առաջին փուլին մասնակցած երիտասարդների համար: Վերջիններս հանդես գալով «դասընթացավարի» դերում՝ «նորեկներին» ներկայացրին իրենց արդեն ծանոթ թեմաները՝ կոնֆլիկտի, դրա զարգացման փուլերի և տրանսֆորմացիայի մասին:
Իսկ «ՀԿ տոնավաճառի» ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց կազմակերպությունների գործունեությանը և ձեռքբերումներին:
Դասընթացի կաևորագույն մասերից էր մասնակիցներին սեփական ծրագրերի մշակման և իրականացման հմտություններին ծանոթացնելը, որին մեծ ոգևորությամբ սպասում էին գրեթե բոլոր մասնակիցները, քանի որ այն կապված էր սեփական նախաձեռնոթյունը իրականացնելու հետ: Շատերի համար, իհարկե, ծրագիրը մշակելու գործընթացը սպասվածից դժվար էր, սակայն համատեղ ուժերով հնարավոր եղավ հաղթահարել նաև այդ փուլը: Երիտասարդները խմբային քննարկումներից հետո մյուս խմբերին ներկայացրեցին իրենց նախաձեռնած նոր ծրագրերը, որոնք հիմնականում միտված էին խաղաղության և հաշտեցման գաղափարի տարածմանը:
Դասընթացի մասնակիցներից ոմանք, ցանկություն հայտնելով կիսվել ամենօրյա տպավորություններով դասընթացի մասին, նյութեր էին պատրաստում, որոնք տեղադրվում էին https://reconciliationforpeace.wordpress.com առցանց պլատֆորմում:
Բացի դասընթացի ուսուցողական մասից՝ մեծ ուշադրություն էր հատկացված նաև երիտասարդ մասնակիցների հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը, որի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Մասնակիցներն այցելեցին տարբեր տեսարժան կառույցներ, հուշարձաններ և այլ վայրեր: