Իրազեկում` դեկտեմբերի 1-ի վերաբերյալ
16:29, November 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, Վանաձոր քաղաքում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարևանությամբ, «Նոր Հայաստան» միավորման ներկայացուցիչները կազմակերպել էին իրազեկման միջոցառում՝ դեկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ: Միաժամանակ քաղաքացիներին առաջարկվում էր՝ լրացնել «Նոր Հայաստան» ճակատի ակտիվ աջակցի գրանցման թերթիկը, որում քաղաքացիները լրացնում էին իրենց տվյալները և նշում, թե ինչով կարող են աջակցել հանրահավաքի կազմակերպմանը: Ինչպես նշում են ակցիայի կազմակերպիչները, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շրջակայքում ակցիան կազմակերպելու նպատակը հնարավոր բռնություններից պաշտպանված լինելն է: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են Հանրապետության մի շարք բնակավայրերում. դրանց հիմնական նպատակը, կազմակերպիչների խոսքով, «Ոչ»-ի կողմնակիցների մոտավոր թիվը պարզելն է:
Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ դեկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիները կազմակերպիչների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցներով անվճար կտեղափոխվեն հավաքի վայր: Ակցիան շարունակական է: