«Կարող է ելնել ու ասել, թե ազգն ինձ է ուզում»
21:53, November 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններԼեւոն Բարսեղյանը՝ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին
Սերժ Սարգսյանի` իշխանության մեջ մնալ-չմնալու հարցը նոր երանգներ է ստանում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարության ներքո, թե՝ «Ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները»: (Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ իր «Ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները» խոսքը ներկայացվել է համատեքստից կտրված. «Իմ խոսքում, անգամ, ես շարունակում եմ, որ, բնականաբար, դա տեսանելի է նաեւ Սերժ Սարգսյանի համար, իսկ մինչ այդ խոսում էի այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն` ես պնդում եմ լրիվ հակառակը՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի լիդերներն են դառնում վարչապետ, եւ նա, դա գիտակցելով, այդ հայտարարությունն է արել»-խմբ.): Այս հայտարարությունը, շատերի կարծիքով, հակասության մեջ է մտնում Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինքը չի պատրաստվում զբաղեցնել ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Հետեւաբար բոլորի մոտ առաջացող հիմնական հետեւությունն է այն, որ այդ դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի նաեւ ՀՀԿ ղեկավարի պաշտոնից: «Առավոտի» հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ Դավիթ Հարությունյանը ըստ էության նոր բան չի ասել, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում սովորաբար այն կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներն է հավաքում, դրա ղեկավարն էլ վարչապետի թեկնածու է դառնում, այդպիսով հանրությունն իմանում է, թե վարչապետի ինչ թեկնածու կա` հանձին այդ կուսակցության ղեկավարի: Ըստ Արթուր Սաքունցի` այլ հարց է, որ նման մոդելի ներկայացմամբ Դավիթ Հարությունյանը որոշակի հակասության մեջ է հայտնվում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության հետ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւս կարծում է, որ «դասական խորհրդարանական համակարգի տրամաբանության մեջ է, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցությունը վարչապետի տերը լինի»: Մեր այն դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս են վարվելու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության հետ, Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ խոսքը ուղիղ վերարտադրման մասին չէ, այլ կլանի կամ ռեժիմի վերարտադրման: Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ Սերժ Սարգսյանը կարող է շատ լավ էլ իրեն զգալ որպես կուսակցության ղեկավար եւ չունենալ Սահմանադրությամբ նախատեսված իշխանություն, բայց կլանը ղեկավարի: Լեւոն Բարսեղյանի տպավորությամբ՝ սա է հիմնական պլանը. «Կարող է կուսակցության կանոնադրությունը փոխեն, երկու-երեք համանախագահ գրեն, մտահոգությունն այն է, որ իրենք փորձում են կուսակցականությունը վեր դնել պետական կառավարման համակարգից, ստեղծել կուսակցական կոլեկտիվ անպատասխանատու մարմին, որը որոշումներ կկայացնի Մելիք-Ադամյան գրասենյակում, կարող է հետո տեղափոխեն պետական թանգարանի շենք, կարող է կառավարական տանը նստի այդ կուսակցությունը, եւ կառավարությունը տեղափոխվի Մելիք-Ադամյան փողոց: Ոչ մի տարբերություն, իրենց ինչ կա»: Լեւոն Բարսեղյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը, որ հայտարարել է, թե չի լինելու ոչ վարչապետ, ոչ նախագահ, դա չի նշանակում, որ իր խոսքի տերն է լինելու. «Կարող է ելնել ասել, թե ազգն ինձ է ուզում, որ լինեմ վարչապետ: Ազգ, դուք ընտրել եք ԱԺ, ԱԺ-ն էլ որոշել է: Առավել եւս, եթե այս փոփոխությունները անցնեն, ԱԺ-ն հնարավորություն կունենա Սահմանադրության մի շարք դրույթներ փոխել ինքնուրույն: Ուստի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի խոստումները լուրջ ընդունել չի կարելի»: Լեւոն Բարսեղյանը նշեց՝ եթե անգամ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը ազնիվ մղմամբ է ուզում փոխել Սահմանադրությունը, ապա դրան հնարավոր չէ հավատալ, քանի որ այդ դեպքում պետք է նախ՝ ժողովրդից գաղափարներ ստանար, հետո իրականացներ փոփոխություններ, մինչդեռ արվեց հակառակը: Լեւոն Բարսեղյանը նշեց. «Ուզում են Սահմանադրությունը արմատապես փոխել այնպես, որ իրենց կուսակցական գրասենյակից հեշտ լինի կառավարել: Սա է առանցքում այս փոփոխությունների: Ազնիվ մղման պարագայում պետք է լիներ անկախ ու մեր հանրությունից եկող գաղափարներով կառուցված Սահմանադրություն: Դրա փոխարեն ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով, որում ոչ մի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ չկա, պետական պաշտոնյաներ, ՍԴ անդամներ են, Գագիկ Հարությունյանին էլ ուղարկում է մարզեր, արհեստական, զոռով քննարկումներ է դնում մարզպետարաններում, բյուջետային մարդկանց բերում, նստեցնում է, քնում են այդ մարդիկ, հանգստանում, Գագիկ Հարությունյանը խոսում է Աշտիշատի ժողովից, Շահամիր Շահամիրյանից, Որոգայթ փառացից: Անունը դնում է հանրային մասնակցություն: Բայց այդ կերպ չեն անում: Եթե այս հանգամանքին գումարում ենք այն, որ Սերժ Սարգսյանը անարդար է զբաղեցնում այդ պաշտոնը, պատկերն ամբողջական է դառնում»: Լեւոն Բարսեղյանի համար նաեւ զարմանալի է այն, որ հանկարծ որոշեցին սահմանադրական փոփոխություններ իրականացնել, քանի որ այդ մասին խոսք անգամ չկար Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, բայց նաեւ կռահում է. «Խնդիրն այն է, որ մեկ էլ պարզում են՝ փոխանորդ ու հաջորդ չունեն, դրա համար որոշում են այս գծագրով գնալ»:
Աղբյուրը՝ aravot.am