«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի»
17:34, November 16, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ս. Ղազարյանի գործով դատական նիստ. «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի»:
Հիշեցնենք, որ Արմենտել ՓԲԸ-ի կողմից հայց էր ներկայացվել վերջինիս դեմ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որում նշվում է, որ Ս. Ղազարյանը առուվաճառքի պայմանագիր է կնքել Ընկերության հետ, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չեն կատարվել, մինչդեռ նա պնդում է, որ գործարքը իր կողմից չի կատարվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որն զբաղվում է Ս. Ղազարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որևէ որոշում չէր կայացվել, և միայն Լոռու մարզի դատախազություն դիմում-բողոք ներկայացնելուց հետո կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Կազմակերպությունը երկրորդ անգամ է դիմում-բողոքով դիմել ՀՀ Լոռու մարզի դատախազությանը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի վերոնշյալ խախտումներին իրավական գնահատական տալու պահանջով: Դատախազությունը, դիմում-բողոքը համարելով անհիմն, մերժել է այն՝ հիմնավոր համարելով վարույթն իրականացրած մարմնի որոշումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: