Իրավասու մարմիններն անգործության են մատնվում խախտված իրավունքների վերականգնման ժամանակ
18:25, November 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՈստիկանությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է Ս. Ղ.-ի խախտված իրավունքների պաշտպանությամբ, ում դեմ Արմենտել ՓԲԸ-ի կողմից գումարի բռնագանձման վերաբերյալ հայց էր ներկայացվել դատարան, սակայն վերջինս պնդում էր, որ պայմանագիր չի կնքել վերոնշյալ ընկերության հետ՝ միաժամանակ կասկած հայտնելով այլ անձի կողմից իր անձնագիրը օգտագործելու վերաբերյալ: Ի դեպ, Ս. Ղ.-ը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում:
Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա 2015թ. ապրիլի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին, որի վերաբերյալ, սակայն, Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) որոշում չէր կայացվել, իսկ Լոռու մարզի դատախազություն 2015թ. օգոստոսի 27-ին ներկայացված դիմում-բողոքից հետո միայն ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի կողմից որոշում էր կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ. Էլիզբարյանին ուղղված 2015թ. սեպտեմբերի 18-ի դիմում-բողոքով խնդրել էր՝ վերացնել ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իրավական գնահատական տալ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի խախտումներին և գործն ուղարկել իրավասու մարմին՝ համապատասխան քննություն իրականացնելու նպատակով: Ինչպես հետագայում պարզ դարձավ, Լոռու մարզի դատախազությունը դիմում-բողոքը համարել էր անհիմն՝ հաստատելով Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումներին իրավական գնահատական տալուն, ապա ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից 2015 թվականի նոյեմբերի 5-ին ուղարկված գրությամբ պարզ է դառնում, որ ընդունելով գործի նախաքննության թերի լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ չի ապահովվել նախապատրաստվող նյութերի լրիվությունն ու բազմակողմանիությունը, ինչով խախտվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի (Գործի արդարացի քննությունը) պահանջները՝ համարում է, որ այդ կարգապահական խախտումը գործի քննության հետագա արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, և հիմք ընդունելով ոստիկանության աշխատակցի կողմից՝ կատարած խախտման համար անկեղծորեն զղջալը՝ վերջինիս չի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով ծառայողական քննությունը:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության տեսակետից՝ քաղաքացու խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ անգործություն դրսևորելը, որի արդյունքում ենթադրյալ հանցագործությունն այդպես էլ մնում է չբացահայտված, իսկ քաղաքացին՝ անորոշության մեջ, համարվում է «փոքրիկ» թերացում, որի համար բավական է անկեղծորեն զղջալը: Իսկ եթե դիտարկենք նաև այն հանգամանքը, որ Լոռու մարզային վարչությունը չի գտնում, թե այդ խախտումը գործի քննության արդյունքների վրա որևէ ազդեցություն է ունենցել, ապա մնում է միայն ենթադրել, որ Ոստիկանության կողմից նման անպատասխանատու և ոչ հետևողական վերաբերմունքի համար հիմք է ծառայել Ս. Ղ.-ի՝ հասարակության խոցելի խմբի պատկանելը (ինչպես նշեցինք, վերջինս ունի հոգեկան առողջության խնդիրներ):
Փաստորեն, իրավասու մարմինները շարունակում են հովանավորել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ դրսևորվող կատարյալ անգործությունը՝ դա համարելով աննշան և անէական թերացում: