Ռոլանդ Թմոյանի գործով կներկայացվի վճռաբեկ բողոք
11:16, November 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Առաքելյանի, հրապարակվեց 2014թ. մայիսի 13-ին Մաշտոցի պուրակից ձերբակալված և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին տեղափոխված Ռոլանդ Թմոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը: Մասնավորապես, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ՀՀ Վարչական դատարանի 2015թ. հուլիսի 2-ի որոշումը:
Վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում Դատարանը դրել է այն հիմնավորումը, որ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքի մասնակիցներին հայտնել է, որ իրականացվում է պետական արարողակարգային միջոցառում, որտեղ քաղաքացիները խանգարում են իրենց գործողություններով՝ խախտելով կարգը, որից հետո վերջինիս կողմից ոստիկաններին տրվել է կարգադրություն՝ օրինական պահանջը չկատարելու դեպքում բերման ենթարկել քաղաքացիներին: Այսպիսով, Դատարանը գտել է, որ ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ Ռ. Թմոյանը, ոստիկանության ներկայացուցչի կողմից նախազգուշացվել են իրենց գործողություններով հասարակական կարգը խախտելու մասին, որպիսի պայմաններում Դատարանն անհիմն է համարել բողոքաբեր կողմի վկայակոչումն առ այն, որ բողոքաբերին ոստիկանության որևէ ծառայողի կողմից չի ներկայացվել օրինական պահանջ:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի՝ 2015 թ. նոյեմբերի 17-ի որոշման դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք ՀՀ Վճռաբեկ դատարան: