Դատարանը մերժեց Հովհ. Կաթրջյանի գործով ներկայացված բողոքը
11:56, November 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Արղամանյանի, շարունակվեց Հովհաննես Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Բողոքի քննությունը կայացավ բողոքաբեր Հ. Կաթրջյանի, վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի և դատախազ Գ. Մարգարյանի մասնակցությամբ:
Հ. Կաթրջյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը շարունակեց բողոքի հիմքերի և հիմնավորումների ներկայացումը: Նա հիմնավորումներ ներկայացրեց վիրաբույժ Սմբատ Ջամալյանի արարքում խարդախության հանցակազմի առկայության մասին, նշելով, որ ինչպես 2004թ., այնպես էլ 2008թ. կատարված վիրահատության դեպքում Ս. Ջամալյանը նախապես իմացել է, որ առաջին դեպքում տեղադրվում է մեկ անգամ օգտագործված ռիթմավար սարք, իսկ երկրորդ դեպքում՝ տեղադրվող սարքի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետը քիչ է պայմանագրով սահմանված ժամկետից: Բացի դրանից՝ Տ. Սիրադեղյանը նշեց նաև այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինն անձի բացակայության պայմաններում չէր կարող նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով: Մինչդեռ, Ս. Ջամալյանն իրեն մեղադրանք առաջադրելու պահից գտնվում է հետախուզման մեջ: Վերաքննիչ բողոքով հիմնավորումներ ներկայացվեցին նաև այն մասին, որ նախաքննությունն ուղղված չի եղել տուժող Հովհ. Կաթրջյանի խախտված իրավունքների վերականգնմանը: Այսպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և գործն ուղարկել նախաքննության:
Բողոքաբեր Հովհ. Կաթրջյանը նույնպես հիմնավորումներ ներկայացրեց Ս. Ջամալյանի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին, նշելով, որ Ս. Ջամալյանը վիրահատությունների ժամանակ չի տրամադրել տեղադրվող սարքերի տեխնիկական անձնագրերը, ինչպես նաև՝ սարքերը տեղադրելուց հետո կատարված հետազոտությունների արդյունքները, որտեղ հստակ նշվում է սարքի ծառայության ժամկետը:
Վերաքննիչ բողոքի դեմ առարկեց քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացրած դատախազ Գ. Մարգարյանը: Նա նշեց, որ քրեական գործով չի հիմնավորվել, որ Ս. Ջամալյանն ի սկզբանե խաբելու նպատակ է հետապնդել, բացի դրանից՝ նա նշեց նաև, որ բժշկական կենտրոնը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որով չի նախատեսվել սարքի վաճառք: Գ. Մարգարյանը հայտնեց Դատարանին, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է նաև Ս. Ջամալյանի պաշտպանի կողմից, սակայն դատարանում նա հրաժարվել է ներկայացված բողոքից: Գ. Մարգարյանն օրինական և հիմնավոր համարեց ստորադաս դատարանի որոշումը և խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Գ. Մարգարյանի առարկությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Տ. Սիրադեղյանը: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում միջոցներ չեն ձեռնարկվել խաբեության սկզբնական նպատակի պարզման ուղղությամբ, նշեց նաև, որ բժշկական կենտրոնի հետ կնքված պայմանագրով տրամադրվելիք ծառայությունների արժեքը կախված է եղել գնացուցակով սահմանված և տեղադրվող սարքի արժեքից: Բայց դրանից՝ Տ. Սիրադեղյանը գտավ, որ Ս. Ջամալյանի պաշտպանի կողմից կայացված՝ որոշումը բողոքարկելու հանգամանքը չի կարող դրվել հիմնավորումների հիմքում, քանի որ քրեական գործի վարույթը կարճելու մասին Ս. Ջամալյանի համաձայնությունը պետք էր ճշտել մինչ այդպիսի որոշում կայացնելը:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը:
Տես նաև՝ hcav.am