«Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է Հիմնադիր խորհրդարանի անդամներին»
16:29, November 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ակնհայտ քրեական ապօրինի հարուցված գործի միջոցով իշխանությունները ճնշումներ են գործադրում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ:
«Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ապրիլի 24-ից առաջ մեղադրանք են առաջադրել իբր նրանք նպատակ ունեին հասարակական կարգը խանգարել ու զանգվածային անկարգություններ հրահրել: Այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ի զանգվածային միջոցառման դիմումին ի պատասխան քաղաքապետարանի կողմից համաձայնել էր առաջարկին, որ միջոցառումն անցկացվի բոլորովին այլ վայրում: Այդ քրեական գործի հիմքը որպես օբյեկտիվ հիմք արդեն վերացվել է, բայց քրեական գործը շարունակվում է»,- վստահեցնում է իրավապաշտպանը:
Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելը, իրավապաշտպանի բնորոշմամբ, աննախադեպ երեւույթ է. « Սա առաջին անգամ է, երբ քրեական գործի օբյեկտիվ հիմքերի փոփոխության դեպքում գործը չի կարճվում: Այս ակնհայտ քաղաքական հետապնդումը մի նպատակ ունի ճնշելու, սպառնալու ու կասեցնելու Հայաստանում սահմանադրության ընդունման քարոզարշավի ընթացքում մարդկանց ակտիվությունը: Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ որպես ակտիվ մասսայի ներկայացուցիչներ, որովհետեւ նրանք ունեն հստակ անելիքներ, որոնց դեմ իշխանությունները որեւէ հակափաստարկ չունեն ու մնացել է միայն քրեական ապօրինի ու երկարաժամկետ հետապնդմամբ ճնշելը: Եթե Ժիրայր Սեֆիլյանին կամ «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների նկատմամբ վարչակազմը փորձի կիրառել կալանքը, կվկայի այն մասին, որ մարդիկ նոր Սահմանադրությունը փորձում են ուժով պարտադրել մեզ: Սա վկայում է բռնապետական ոճի, ուժային մեթոդների կիրառման մասին»:
Աղբյուրը՝ aravot.am
Տես նաև՝ armtimes.com