Ս. Ղ.-ի գործով ներկայացված բողոքը մերժվեց
18:28, November 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատական նիստին ներկա էին բողոքաբեր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ իրավաբան Անի Չատինյանը, վարույթն իրականացրած մարմնի ներկայացուցիչը և գործով վերահսկող դատախազ Պողոսյանը:
Բողոքաբեր կողմը, ներկայացնելով գործի հանգամանքները, մասնավորապես նշեց, որ Կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից չի ընդունվել որպես հանցագործության մասին հաղորդում և չի գրանցվել հանցագործության մասին հաղորդումների համար նախատեսված մատյանում, որպես այդպիսին գրանցվել է Կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին նաև այն թերությունները և բացթողումները, որոնք վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր իրականացնել հանցագործության մասին հաղորդումը ստանալուց հետո, սակայն չի իրականացրել, որոնք հանգեցրել են Կազմակերպություն դիմած քաղաքացու իրավունքների օրինական շահերի խախտմաը:
Ա. Չատինյանը նաև նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատճաշ քննություն չիրականացնելը Կազմակերպությունը դիտում է որպես տարբերակված մոտեցում` հիվանդության և սոցիալական վիճակից ելնելով:
Դատարանը հարցադրումներով հստակեցրեց մի շարք հանգամանքներ, որոնք նշվեցին բողոքաբերի խոսքում, մասնավորապես, Ս. Ղ.-ի՝ խարդախության զոհ դառնալու, սարքի չհայտնաբերման և ոչ լրիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու վերաբերյալ պնդումները: Ա. Չատինյանը հավելեց, որ Ս. Ղ.-ի տեսքից ևս պարզ է դառնում, որ վերջինս ունի որոշ խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ, միաժամանակ հայտնելով, որ նա առողջական այլ խնդիրներ ևս ունի և այն մասին, որ փորձ է արվել Ս. Ղ.-ին դատարան բերելու, սակայն չի հաջողվել: :
Ապա խոսքը տրվեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ քննիչ Պողոսյանին, ով նշեց, որ ձեռարկված միջոցառումների արդյունքում տվյալ ժամանակահատվածում համակարգիչ հափշտակելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել և Դատարանին ներկայացրեց Արմենտել ՓԲԸ-ի կողմից ուղարկված գրությունը, որն ստացվել էր 2015 թվականի մայիսի 20-ին: Ա. Չատինյանի այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր հայտնաբերել տվյալ սարքավորումը, քննիչ Պողոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ Ս. Ղ.-ին գտնելու և հարցաքննելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ևս արդյունք չեն տվել:
Գործով դատախազ Պողոսյանն իր խոսքում գտավ, որ ներկայացված բողոքը անհիմն է՝ վկայակոչելով կատարված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատված է համարում, որ ձեռագիրը Ս. Ղ.-ինն է: Նշեց նաև, որ հանցագործության մասին հաղորդումը երկրորդ մատյանում է ընդգրկվել, քանի որ նրանում հանցագործության հատկանիշներ պարունակող հիմքերը բացակայել են, այլ միայն առկա են եղել կասկածներ: Քննիչ Հ. Սաքանյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության եզրակացությունը ևս ներկայացվեց Դատարան, որի մասին արդեն տեղեկացրել էինք:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ անց հրապարակված որոշմամբ մերժվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքը: