Շմայսը բռնաբարելու ու գլխատելու կոչերի համար պատասխանատվություն չի կրի, դատարանը կրկին մերժեց
11:45, November 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ, որով Դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը և հաստատել ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թվականի հունիսի 23-ի որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:
Այսօր դատական նիստին չէին ներկայացել ոչ քննիչը, ոչ էլ դատախազը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի խոսքով, Դատարանի որոշման պատճառաբանությունը դեռ իրեն հայտնի չէ, կտեղեկանա ավելի ուշ:
Աղբյուրը՝ aravot.am
Տես նաև՝ a1plus.am