Սա «ահաբեկչություն» է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ
November 26, 2015Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբին ԱԱԾ-ի կողմից վնասազերծմանը՝ կարծիք հայտնեց, որ դա վաղուց պլանավորված էր:
«Ինչո՞ւ է այդ խմբավորումը համարվում ահաբեկչական և ոչ՝ կազմակերպված զինված խմբավորում, արդյո՞ք դա չի խախտում անմեղության կանխավարկածը»,- հարցադրում արեց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ ԱԱԾ-ի հայտարարությունը ամբողջությամբ կողմնակալ է, օբյեկտիվ չէ, հիմնված չէ քննության արդյունքների վրա:
Մեր զրուցակցի խոսքով՝ սա շատ փնթի և պարզունակ գործելակերպ է. «Այս կերպ իշխանությունը ցանկանում է խուճապ առաջացնել հանրության մեջ և նվազեցնել իրեն ընդդիմացող ուժերի լեգիտիմությունը՝ հաստատելու համար իրենց ոչ լեգիտիմությունը»:
Իրավապաշտպանը անհամեմատելի համարեց իբր հայտնաբերված սպառազինությունը այն սպառազինության հետ, որը առգրավվել էր Սուրիկ Խաչատրյանի տնից. «Բայց այնտեղ զարմանալիորեն որևէ զինված կամ ահաբեկչական խմբի մասին չխոսվեց: Կամ՝ մարտի 1-ին, երբ վխտում էին առնվազն 32 զինված խմբավորումներ: Այսինքն՝ այս ահաբեկչական որակմամբ խմբավորման բացահայտման փաստը նպատակ ունի ահաբեկելու և խուճապի մատնելու Հայաստանի հանրությանը»: