Ո՞ւմ էին ծրագրել սպանել
14:20, November 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին օրերին տեղի ունեցած զարգացումների շուրջ Lragir.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Պարոն Սաքունց, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալը հայտարարեց, որ նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբավորման անդամները ֆինանսավորվել են տասնյակ հազարավոր դոլարներով ու երկրի ներսից, ինչպես նաև մի շարք այլ ուշագրավ հայտարարություններ եղան հնարավոր հանցագործությունների մասին: Ի՞նչ կարող ենք եզրակացնել այս օրերին կատարվածից:
Նախ քննչական ծառայության պետի տեղակալն իրավունք չունի, առանց քննության արդյունքների, նման գնահատական տալու և հայտարարելու, թե այդ խումբն ինչ գործողություններ էր պլանավորել իրականացնել, մասնավորապես, քաղաքական, կամ չգիտեմ, պետական գործիչների նկատմամբ ոտնձգություններ, սպանություններ, չգիտեմ ինչ, որովհետև քիչ ժամանակ է անցել: Լավագույն դեպքում նա կարող էր հենվել օպերատիվ հետախուզական տվյալների վրա, որոնք որևէ ապացուցողական նշանակություն չունեն: Աղջիկների փաստաբանն արդեն հայտարարել է, որ աղջիկներն իրենց մեղավոր չեն ճանաչում, և արդեն հացադուլ հայտարարողներ կան: Այսինքն՝ բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ԱԱԾ-ն, երբ փորձում է պիտակավորել կամ գնահատական տալ, որոնք կարող են ձեռք բերվել միայն քննության արդյունքում: Երկրորդ, որտեղի՞ց ինֆորմացիան, որ նրանք ինչ-որ գործիչների էին որոշել սպանել: Եթե թեկուզ ինչ-որ մարդկանց անուններ էլ գրած լինեն, էլի դա ապացուցողական նշանակություն չունի, հետևաբար դա էլ հիմնավոր չէ: Իմ կարծիքով՝ իրենք գտնվում են շատ ոչ հաճելի իրավիճակում: Տեսանյութում ներկայացված գործողությունները, երբ դիտում ենք, մի մասում ցույց է տրվում, թե ոնց են ներխուժում այդ տուն, հետո անմիջապես ցույց են տալիս, որ առգրավված է: Հիմա, որ ասենք կինոյի կամ բեմադրության նման է, նեղանում են: Չկա նման բան, որ այդպես լուսանկարեն, համարյա ամեն էպիզոդ մանրամասն ցույց տրվի, նման բան չի կարող լինել, դա պետք է լինեն պլանավորված կամ ինչ-որ սցենարով կատարված գործողություններ: Այն, որ 21 հոգու մասին են խոսում, իմ կարծիքով՝ փորձելու են աշխարհագրության ընդլայնման միջոցով ներկայացնել որպես ցանց: Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, դա այն է, որ ֆինանսները երկրի ներսից են տրվել: Ասում են՝ ներսում են տասնյակ հազարավոր դոլարներ ստացել: Ճիշտն ասած, տասնյակ հազարավոր դոլարներ ունեցող ցանկացած անձ ՀՀ-ում ամբողջութամբ գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Չկա այդպիսի մարդ, որ տասնյակ հազարավոր դոլարներ ունենա և դուրս մնա իշխանության հսկողությունից: Այսինքն՝ արդյոք այդ անձը, որը ֆինանսավորել է, չի՞ գտնվում իրենց հսկողության ներքո: Շատ հարցեր ենք ունենում: Եթե դու ուզում ես իմանալ մտադրությունների մասին, ապա միշտ պետք է ներսում մարդ ունենաս, բայց մյուս կողմից էլ ներդրման միջոցով խմբին ուղղորդում ես որոշակի ուղղությամբ: Երկու նպատակով կարող է դա լինել՝ մեկը զուտ տեղեկատվություն ձեռք բերելու, մյուսն ուղղորդելու նպատակով: Եթե ինքն ասում է, որ գաղտնի համարներով հեռախոսներ են բաժանվել, շատ ավելի է ապացուցում, որ միջից մարդիկ են ունեցել:
Շատ է խոսվում այն մասին, որ քաղաքական ենթատեքստ կա այս ամենում: Նկատելի՞ է նման միտում:
Մի բան պարզ է, որ այդ տղան՝ խմբի ղեկավարը բավական ակտիվություն է ցուցաբերել Քեսաբի հետ կապված հարցերում: Քեսաբի դեպքերը եղել են նախորդ տարի, մեկ տարի նա գտնվել է ԱԱԾ մարմինների ուշադրության կենտրոնում: Ուրեմն առնվազն մեկ տարի նա խմբի ձևավորման աշխատանքներով է զբաղվել, հիմա որոշեցին, որ այս պահին են որոշել իրենց նպատակներն իրականացնել: Միանշանակ է, որ խմբի վնասազերծման ժամանակն ընտրված է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Կսպասենք հետագա իրադարձություններին: Ես ավելի քան համոզված եմ, որ բացառությամբ զենքն ապօրինի կրելու հոդվածից՝ այլ մեղադրանք չեն կարող ներկայացնել:
Մեծաքանակ զենք-զինամթերքի առկայության հարցն էլ բազմաթիվ հարցականներ է թողնում:
Այո, մյուս կողմից հարց է ծագում, իսկ զենքը որտեղի՞ց են ճարել: Ո՞վ էր այդքան մեծ քանակի զինամթերք տրամադրել այդ անձանց: Ընդ որում, բոլորը «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ են, այսինքն՝ դրանք զորամասերի՞ց են հանվել: Հայաստանյան շուկայում այդքան մեծ քանակի զենք-զինամթե՞րք է գտնվում շրջանառության մեջ: Կամ էլ դա նշանակում է, որ բավական մեծ թվով չգրանցված զենքեր ունենք, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել ինչ-որ մարդկանց ձեռքին: Այսինքն՝ ես գտնում եմ, որ ԱԱԾ այս օպերացիան իր նպատակին այնուամենայնիվ չհասավ, որովհետև հասարակության այն վերաբերմունքն ու կարծիքը, որն ի սկզբանե հնչեցվեց և ճիշտ արվեց, որ հնչեցվեց, ստիպեց ԱԱԾ-ին շեշտադրումները փոխել: Այսինքն՝ ԱԱԾ-ն սկսեց արդարանալ: ԱԱԾ պետը ուրիշ փասարկ չունի, քան հղում կատարել հետագա դատական նիստերին: Եթե դատական նիստերին եք հղում կատարում, ապա այդ դեպքում ինչի՞ համար եք շտապում գնահատականներ տալ հենց հիմա: Եվ առողջ, և օրեսնդրության տրամաբանությունը թելադրում է, որ այս փուլում զերծ պետք է մնալ որևէ գնահատական տալուց, նախաքննության գաղտնիքներ հրապարակելուց: Այսինքն՝ դու օպերատիվ հետախուզական տվյալներ ես հրապարակում՝ ներկայացնելով որպես ապացուցողական փաստե՞ր: ԱԱԾ պետն ասում է՝ այո, շատ վտանգավոր խումբ է, բայց հետագայում մենք ականատես կլինենք դատական պրոցեսին: Կներեք, բացարձակ որևէ վստահություն նախաքննության մարմնի օբյեկտիվության վրա այս տեսակտից ես չունեմ: Ցավոք սրտի, արդեն այնպիսի գնահատականներ են տրվել, որոնք կանխորոշել են նախաքննության հիմքը: Այսինքն՝ արդեն կարող ենք ասել, թե վերջում նախաքննությունն ինչ եզրակացության է հանգելու, որն արդեն այսօր հնչեցրել է քննչական ծառայության պետի տեղակալը: Պրոֆեսիոնալ մասնագետը իրեն թույլ չպետք է տար առանց նախաքննական ընթացքի և արդյունքների նման գնատականներ տալ, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:
Աղբյուրը՝ lragir.am