«Միջազգային կառույցները կծիծաղեն Սերժ Սարգսյանի «զախվատի» վրա»
17:48, November 28, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆոյեմբերի 25-ին տեղի ունեցած «հակաահաբեկչական» գործողությունների շուրջ «Ասպարեզը» զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, «ահաբեկչություն» իրականացնելը ու՞մ պատվերն էր:
-Իմ համոզմաբ, դա իշխանության, Սերժ Սարգսյանի կողմից ծրագրված գործողություն էր: Նպատակն էր՝ իր Սահմանադրության հանրաքվեի քարոզչության ընթացքում ստեղծել այնպիսի իրավիճակ, որը փորձ կանի ստվեր նետել իր Սահմանադրության պարտադրանքի դեմ հետեւողական դուրս եկող կարեւոր ուժերին, որպեսզի ապահովի իր` գոյություն չունեցող լեգիտիմության առավել կայուն վիճակ: Բացասական կերպարով էր ուզում ներկայացներ ընդդիմադիրներին՝ հանրության աչքերում:
– Ինչու՞ այս տարբերակով:
-Իմ կարծիքով, ինքը էլ ուրիշ տարբերակ չունի՝ բացի նման տիպի թատերական ներկայացումներից, որովհետեւ ուղղակի կալանավորումը, ուղղակի քրեական հետապնդումը բավական խոցելի, ակնհայտ է դարձնում իր գործունեությունը: Սակայն, նյույնիսկ դրա համար չունի վստահության բավականին ռեսուրսը, որ կընդունվի հասարակության կողմից: Հաջորդը ուժայինն է, որը վերստին բավական շատ լուրջ եւ ծանր հետեւանքներ կարող է ունենալ իր համար: Այս թատերական գործողությունով ուզում էին ասել, որ ընդդիմադիրները ահաբեկչական խմբավորումներ են:
-Գյումրու անունը ինչու՞ շրջանառվեց:
-Աշխարհագրությունը բավական լայն էր: Սրանով փորձում են ցույց տալ, որ ձեւավորված ցանց է: Ավելի հնչեղություն հաղորդելու իրենց «բացահայտմանը»:
-Սերժ Սարգսյանի բլեֆը ծառայե՞ց իր նպատակին:
-Անշնորհք, փնթի ձեւով իրականացվեց: Նույնիսկ այն տեսանյութերը, որոնք տարածվեցին, թե ինչպես են, այսպես կոչված բնակարանի զավթումը իրականացնում, նույնիսկ ծիծաղելի էին: Ներխուժելով, պարիսպը քանդելու համար հանգիստ գործողություններ էին իրականացնում, կամ դուռը, որ փորձում էին բացեին ծանր առարկայով, բայց չէր ստացվում: Այդքան ժամանակ այդ մարդիկ հանգիստ նստած՝ սպասում էին, որ գային, իրենց բռնեին: Ավելին, նույնիսկ նրանցից մեկը անհրաժեշտ չէր համարել հագնվելու, քանի որ բավականին ժամանակ ուներ: Իրենց իսկ կողմից հայտարարված Քրեական օրենսգրքի հոդվածները բացարձակապես որեւէ կապ չունեն ահաբեկչության հետ, բայց հատարարության մեջ որակում են ահաբեկչություն: Իրենց ձեւակերպած հայտարարություններից հասկացվում է, թե ինչ նպատակ էին հետապնդում: Կապում են ընդիմադիր ուժերից մեկի հետ, բայց մյուս կողմից էլ Հ1-ի աշխատակիցն էլ է եղել: Պետք է նշեին, որ Հանրային Հեռուստաընկերությունն էլ է այդ խմբավորման հետ կապի մեջ: Իրենց ներկայացրածի մեջ տրամաբանական կապ չկա: Սա ուղղակի ուսումնավարժական ինչ-որ միջոցառում էր՝ ցույց տալու համար, թե ինչպես են «զախվատ» անում՝ իրենց լեզվով ասած: Նման դանդաղկոտությամբ «զախվատ» չեն անում, քանի որ «ահաբեկիչները նույնիսկ մի կրակոց չարձակեցին:
-Միջազգային կառույցներում ի՞նչ կասեն: Հայաստանը կհայտնվի՞ ահաբեկչության երկրների ցանկում:
-Չէ, այդ տեսանյութերը դիտելով, փաստերը դիտելով, միայն ծիծաղ կառաջանա: Կժպտան, կծիծաղեն, լուրջ հարց չեն համարի:
Աղբյուրը՝ asparez.am