Տեղի ունեցավ հերթական Յավաշ-Կամաց դպրոցը
19:05, December 1, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀերթական անգամ տեղի ունեցավ Յավաշ-կամաց դպրոցը, սակայն այս անգամ աշնանը՝ 2015թ.-ի նոյեմբերի 18-22-ը, Հայաստանի Դիլիջան քաղաքում: Մինչ մենք՝ հայ մասնակիցներս, կհասնեինք դպրոցի վայր, մեր թուրք գործընկերների եւ մասնակիցների մի մասը հասցրել էին ծանոթանալ տեղանքին, այցելել Հաղարծին վանք եւ հանգստանալ բնության գրկում:
Այս դպրոցն արդեն 4-րդն էր. առաջինը տեղի էր ունեցել 2005թ.-ին, որից հետո երկարատեւ դադար էր տեղի ունեցել հայ-թուրքական հարաբերություններում այս մակարդակում եւս, որին աջակցում են ՀՔԱ Վանաձորի եւ Թուրքիայի /Ստամբուլ/ գրասենյակները: Մյուս երկուսը տեղի են ունեցել 2014 եւ 2015 թթ-ին՝ Թուրքիայում եւ Հայաստանում: Այս անգամ այն կրկին շարունակվեց Հայաստանում, որին մասնակցեցին Թուրքիայի եւ Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների 20 ուսուցիչ եւ կրթական հաստատությունների ուսանող: Դպրոցի թեմատիկան այս դպրոցի ընթացքում ավելի շատ ուղղված էր պատմությանը, պատմագրությանը, պատմության ուսուցմանը:
5 օր տեւողությամբ ծրագիրը ներառում էր թուրք եւ հայ պատմաբանների, պատմության եւ գրականության ուսուցիչների եւ դասախոսների դասախոսությունները՝ պատմության եւ գրականության դասավանդման գործընթացում ուսուցչի դերի կարեւորության, երկու երկրների կրթական համակարգերի, հայկական եւ թուրքական պատմության դասագրքերում թուրքերի եւ հայերի ներկայացվածության մասին տեղեկությունների վերաբերյալ, որոնց զուգահեռ ընթանում էին քննարկումներ:
Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նպատակները, խնդիրները: ՀՔԱ Թուրքիայի գրասենյակի ներկայացուցիչ Էսրա Գյուչլուերը ներկայացրեց ՀՔԱ Թուրքիայի եւ Վանաձորի գրասենյակների երկարատեւ համագործակցության փորձի պատմությունը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում իրենց անձնական փորձով եւ պատմություններով կիսվեցին ՀՀ-ում բրիտանական դեսպանատան աշխատակից Օլյա Ազատյանը եւ Ամերիկայի հայկական ասամբլեայի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանը՝ ներկայացնելով «Ինչպես ես զգում՝ լինելով հայ Թուրքիայում: Մանկությունը, երբ հայերը թշնամիներ էին պատմության դասագրքերում» թեման: Այնուհետեւ մասնակիցները ծանոթացան միմյանց հետ եւ ներկայացրին իրենց ակնկալիքները:
Հետագա օրերի ընթացքում մասնակիցների կողմից առանձին քննարկման առարկա դարձան Հայատանի եւ Թուրքիայի կրթական համակարգի առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքի եւ կարծրատիպերի վերացմանը, ուսուցչի կախվածությունը, ազատությունը կամ անազատությունը թե՛ դրական, եւ թե՛ բացասական լույսի ներքո հայի կամ թուրքի նկատմամբ վերաբերմունք ձեւավորելիս:
Դպրոցի աշխատանքների ընթացքում քննարկումները եւ ներկայացումները հիմնականում առնչվում էին հայերի/թուրքերի Թուրիքիայի/Հայաստանի պատմության դասագրքերում/դասընթացներում/ ներկայացվածությանը, այն մասին, թե ինչպես և երբ են հայերը/թուրքերն առաջին անգամ հիշատակվել միմյանց պատմության դասագրքերում, ինչպիսին է Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին դասապլաններում պաշտոնական գիծը/ուղղությունը, ինչպես են նկարագրվել Թուրքիայի և Օսմանյան կայսրության հետ կապված հարցերը: Անդրադարձ եղավ պատմության այլընտրանքային ձեւով ուսուցանման հնարավորությանը, նրան, թե ինչն է բացակայում Հայաստանի և Թուրքիայի պատմության դպրոցական և ակադեմիական դասագրքերում, այդ թվում՝ Հայաստանի և հայերի մասին հանրային գիտելիքի ձևավորումը Հանրապետական Թուրքիայում և Թուրքիայի ու թուրքերի մասին հանրային գիտելիքի ձևավորումը Խորհրդային Հայաստանում:
Հանդիպման ընթացքում կարեւորվեցին այն մոտեցումները, որոնք պահանջվում են պատմության ուսուցման համար, որն անհրաժեշտ է խաղաղության եւ վստահության կառուցման համար, գրականության՝ որպես ուղեցույց՝ վերջին ժամանակաշրջանի պատմությունը հասկանալու համար: Այս բոլոր թեմաները ներկայացվեցին հայ եւ թուրք պատմաբանների, գրականագետների, ազգագրագետների կողմից:
Դասախոսություններին եւ քննարկումներին զուգահեռ, դպրոցի մասնակիցները բաժանվեցին երկու մեծ խմբերի, որպեսզի երկու օրվա ընթացքում, դասախոսություններից եւ քննարկումներից դուրս սկսեն մտածել, թե ինչ արգելքներ/սահմանափակումներ գոյություն ունեն կրթական համակարգում խաղաղության կառուցման համար կամ ինչ խոչընդոտների են հանդիպում մասնակիցները՝ որպես ուսուցիչ, որը խոչընդոտում է խաղաղության ստեղծմանը` որպես խնդիր օրինակ բերելով միմյանց նկատմամբ կարծրատիպերը:
Սկզբում խմբերն աշխատեցին այդ ուղղությամբ, որի արդյունքում ներկայացրին հետեւյալ խնդիրներն ու սահմանափակումները.
- կրթական համակարգում ոչ պաշտոնական պատմագրությունը չներկայացնելը,
- ուսուցիչների մտավախությունը, որ դեմ դուրս չգան պետական պաշտոնական տեսակետին, որը Թուրքիայում առավել ընդգծված եւ սահմանափակված է,
- ինքնությունների սահմանափակում, երբ կիրառվում է «մեկ ազգ, մեկ պետություն, մեկ լեզու» հասկացությունը,
- ընտանիքից եկած բացասական կրթությունը,
- Թուրքիայում երգ-երաժշտության դասաժամերին հայկական երգ կամ երաժշտություն չներկայացնելը կամ գրականության դասերի միակողմանի ներկայացումը,
- ընտրովի լեզվի դասերի բացակայությունը,
- նկարների միջոցով ինչ-որ նյութ ներկայացնելիս բացասական նկարների պատկերումը եւ այլն:
Խնդիրներն ու սահմանափակումները ներկայացնելուց հետո մասնակիցները աշխատեցին այն մեթոդների կամ ռազմավարությունների վրա, որոնցով կարելի է լուծել նշված առկա խնդիրները կամ կարծրատիպերը:
Իրենց աշխատանքների ներկայացման ընթացքում մասնակիցները կարեւորեցին այն հանգամանքը, որ երեխաներին պետք է ներկայացնել եւ ցույց տալ, որ այն, ինչ կապված է խաղաղության հետ՝ դրական է եւ այն, ինչ կապված է պատերազմի հետ՝ բացասական է: Օրինակելի դասի միջոցով փորձեցին ներկայացնել պատերազմի եւ խաղաղության տարբերությունը՝ ցույց տալով պատերազմի վատ կողմերը, ոպեսզի երեխան, չսիրելով պատերազմը, մոտենա խաղաղությանը: Կարեւորեցին պետության եւ հասարակության կողմից պատերազմների մերժումը, պատերազմին ավելի բացահայտ ու ընդգծված «ոչ» ասելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, ներկայացրեցին, որ խաղաղությանը մոտենալու կրթությունը պետք է սկսի նախակրթարանից եւ շարունակվի միջին եւ ավագ դպրոցներում: Մի շարք առաջարկություններ ներկայացվեցին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ փոխադարձ քայլեր՝ միմյանց տոները ներկայացնելու, դրանք նշելու, հասարակական կազմակերպությունների միջոցով միմյանց մեջ դրանց գաղափարը տարածելու համար:
Ինչպես մասնակիցներից մեկը նշեց. «Դասագրքերը կամ նյութերը որքան էլ վատը լինեն, երբ ուսուցիչն ունի քննադատական մտածողություն, նա կարող է իր ցանկացած ձեւով օգտագործել այդ նյութերը եւ անհրաժեշտության դեպքում շրջանցել որոշ անցանկալի նյութեր: Պատմությունն այսօր սովորում ու սովորեցնում ենք պատերազմի միջոցով: Ազգերի միջեւ խաղաղության տարիներն ավելի շատ են, բայց ներկայացնում ենք մի քանի տարվա պատերազմը ու կարծես թե ռազմական պատմություն ենք սովորում եւ ոչ թե մարդկային պատմություն: Եւ եթե ուսուցիչը կարողանա ամեն ինչը այսպես ներկայացնել, դա մեծ բան է»:
Մասնակիցները կարեւորեցին մեդիայի դերը՝ որպես խաղաղության տարածման միջոց, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձեւավորման վրա, ուսուցչի դերը երեխաներին մեդիայից օգտվելու ձեւը սովորեցնելու գործում, քանի որ տեղեկատվությունը կամ հաղորդումը, որոնք երեխաները լսում ու դիտում են կարող են վտանգավոր լինել նրանց մոտ կարծիքի ձեւավորելու համար: Անհրաժեշտ համարեցին լրատվամիջոցներում ներկայացված խտրականության կոնկրետ օրինակները, միմյանց երկրներում լրատվամիջոցների կողմից Հայաստանի եւ Թուրքիայի մասին ներկայացնող նյութերը ցույց տալը: Քննարկեցին նաեւ հայ գրողների հեքիաթների թարգմանության եւ ուսուցման հնարավորությունը՝ որպես տարբերակ խաղաղության կառուցման ճանապարհին: Առաջարկներից մեկն էլ եղավ դպրոցի մասին յուրաքանչյուր մասնակցի կողմից իրենց դպրոցում կամ շրջապատում ներկայացնելը, ցուցադրումը եւ դասարաններում միմյանց ուղերձներ հղելը: Դպրոցի աշխատանքները ամփոփեց ՀՔԱ Վանաձորի գրասնյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ ընդգծելով 21-րդ դարում հայ-թուրքական սահմանի փակ լինելու փաստի անհեթեթությունը եւ այն համարեց հակաքաղաքակրթական երեւույթ: Բարձրացրեց փակ սահմանների խնդիրը կրթական համակարգի միջոցով հաղթահարելու անհրաժեշտությունը: «Յավաշ-կամացի հիմնական նպատակներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը, հայ-թուրքական սահմանի բացումն է, եւ ոչ միայն ֆիզիկական սահմանի, այլեւ մտքի, հարաբերության, ինքնաարտահայտման սահմանի բացումը՝ լիարժեք մարդկային համագործակցության հասնելու համար»- ամփոփեց նա:
Դպրոցն իրականացվել է «Հայ-թուրքական երկխոսության խթանում. Յավաշ-կամաց շարունակական դպրոց» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամը` Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով: