Իրավապահը ո՞ր դեպքում իրավունք ունի զննելու ձեր պայուսակը կամ ծանրոցը
18:52, December 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես արդեն հայտնել ենք, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ոստիկանները զննում են քաղաքացիների պայուսակները: Քաղաքացիներից ոմանք նորմալ են ընդունում այս փաստը, ոմանք էլ ընդդիմանում են: Հարց է առաջանում, ի վերջո՝ իրավապահն իրավունք ունի՞ զննելու քաղաքացու պայուսակը:
Այս հարցի վերաբերյալ Newsline-ը զրուցել է փաստաբան Տիգրան Աբրահամյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
«Ոստիկանության մասին օրենքի 23-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված է, որ ապօրինի զենք, զինամթերք տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում ոստիկանությունն իրավունք ունի իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների և այդպիսի առարկաների զննություն: Այսինքն` հենց այնպես չեն կարող քաղաքացու ծանրոցը կամ պայուսակը զննել: Իրենք պիտի համապատասխան տեղեկություններ ունենան: Եթե հետագայում պարզվի, որ իրավապահներն այդ տեղեկությունները չեն ունեցել ու քաղաքացուն հենց այնպես կանգնեցրել են ու զննել, դա արդեն պաշտոնական դիրքի չարաշահում է: Իրավապահները հետագայում պետք է այդ գործողությունները հիմնավորեն, որ իրենք ստույգ տեղեկություններ են ունեցել: Օրենքը թույլ է տալիս վերջիններիս նման գործողություններ կատարել միայն ստույգ տեղեկությունների առկայության դեպքում: Այսինքն` քաղաքացին իրավունք ունի դիմել ոստիկանություն և տեղեկատվություն պահանջել, թե ինչ ինֆորմացիայի հիման վրա են իր պայուսակը ստուգել: Քաղաքացու ծանրոցը կամ պայուսակը զննելիս ոստիկանը պետք է հարգալից ձևով մոտենա քաղաքացուն, իրականացնի այդ գործողությունը: Եթե քաղաքացին ընդդիմանա, իրավապահը կարող է վերջինիս բերման ենթարկել և ներկայացնելով համապատասխան հիմքերը` զննել վերջինիս»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այս հարցն այպես մեկնաբանեց.
«Իրավապահն իրավունք ունի քաղաքացուն զննության ենթարկել միայն այն դեպքում, եթե հիմնավոր կասկածներ ունի, որ քաղաքացին ինչ-որ ապօրինի իր է տեղափոխում: Իրավապահը պետք է ստույգ ինֆորմացիա ունենա նման գործողություն իրականացնելիս, այլապես այդ գործողությունը կարող է որակվել որպես քաղաքացու անձնական անձեռնմխելիության խախտում: Հանրահավաքի ժամանակ իրավապահն իրավունք չունի բոլորին ստուգելու: Ոստիկանը կոնկրետ այդ մարդուն վերաբերող հիմք, ինֆորմացիա պետք է ունենա, որ կարողանա ստուգել տվյալ քաղաքացու պայուսակը: Իրավապահը նախ պետք է հարցնի` այժմ ձեզ մոտ օրենքով արգելված իր կա՞: Օրինապահ քաղաքացին էլ պետք է ասի. «Ես ոչ մի ապօրինի բան չեմ տեղափոխում: Ձեր քայլը համարում եմ անհարկի միջամտություն իմ կյանքին ու անձնական անձեռնմխելիությանը: Ես պնդում եմ, որ ինձ մոտ չկա ապօրինի բան: Եթե ստուգեցիք ու ինձ մոտ չեղավ ապօրինի բան, հետևանքի համար Դուք պատասխան եք տալու: Եթե հայտնաբերեցիք, խնդրեմ, ենթարկե’ք պատասխանատվության»: Ես, օրինակ, թույլ չեմ տա ինձ խուզարկել: Նախ կասեմ` հիմնավորեք, թե ինչու եք ուզում խուզարկել ինձ: Իրավապահը պարտավոր է իմանալ այդ հիմնավորման մասին»: