Տարոն Սիրադեղյանի գործով դատաքննությունն ավարտված է
19:39, December 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Սույն գործով նախորդ դատական նիստին դատաքննությունն ավարտվել էր, և դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին՝ հետաձգելով դատական նիստը:
2015թ. դեկտեմբերի 4-ի դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանը ու վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը: Վերջիններս հանդես եկան ամփոփիչ ճառերով:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչն իր ամփոփիչ ճառում նշեց, որ 2014թ. հունիսի 23-ի բողոքի ակցիան ի սկզբանե մեկնարկել է Սարյան փողոցում, և հավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ ցանկանում են բարձրանալ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Գազել մակնիշի ավտոմեքենայի դիմացը բացելուց հետո հավաքի մասնակիցները նստել են Սարյան փողոցում, իսկ ոստիկանությունը պահանջել է բացել ճանապարհը և չխոչընդոտել երթևեկության բնականոն աշխատանքը, սակայն հավաքի մասնակիցները, այդ թվում նաև՝ Տ. Սիրադեղյանը, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի համար էլ ենթարկվել են վարչական ձերբակալման: Նա օրինական համարեց ներկայացված պահանջը, նշելով, որ դրա կատարումը պարտադիր էր բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից: Անդրադառնալով հակընդդեմ հայցին՝ նա գտավ, որ այն ենթակա է մերժման, քանի որ գործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ Տ. Սիրադեղյանը հակաօրինական վարքագիծ է դրսևորել: Ոստիկանության բաժնում 3 ժամից ավելի պահվելու փաստի ապացուցվածության առումով Ա. Դեմիրխանյանը նշեց, որ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաները Տ. Սիրադեղյանի գործընկերներն են և նրանցից յուրաքանչյուրի ցուցմունքները չեն փաստում շուրջ 4 ժամ ոստիկանության բաժնում պահվելու մասին: Այսպիսով՝ Ա. Դեմիրխանյանը խնդրեց բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը և Տ. Սիրադեղյանին ենթարկել վարչական պատասխանատավության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով ու մերժել ներկայացված հակընդդեմ հայցը:
Իր ամփոփիչ ճառում պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Ոստիկանությունը չկարողացավ ոչ մի ապացույց ներկայացնել իր կողմից ՀՀ Ոստիկանության որևէ աշխատակցի կողմից հնչեցված օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ, նա պնդեց, որ ցանկացել է մասնակցել 2014թ. հունիսի 23-ի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային, որը չի կայացել ոստիկանության հակաօրինական գործողությունների պատճառով: Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ ցանկացել է մասնակից դառնալ դատավարությանը, քանզի նախ՝ չի ցանկանում տուգանվել մի բանի համար, ինչը չի կատարել, երկրորդ՝ ցանկանում է, որ պատժվեն ոստիկանության բոլոր այն աշխատակիցները, ովքեր բազմաթիվ խախտումներ են կատարել՝ գտնելով, որ դա օգտակար կլինի մեր պետության ապագա զարգացման համար:
Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը: Վերջինս նշեց, որ գործի դատավարության ընթացքում ՀՀ Ոստիկանությունն ինքը փաստեց Տ. Սիրադեղյանի կողմից իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ նշված արարքը չկատարելը, քանզի դրանում նշված է, որ Տ. Սիրադեղյանը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և ճեղքել է ոստիկանության շղթան, մինչդեռ ամբողջ դատավարության ընթացքում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը փորձել է հիմնավորել, որ Տ. Սիրադեղյանին օրինական պահանջ է ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Անդրադառնալով պատասխանողին վերագրվող արարքի վարչաիրավական որակմանը՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ հայցի քննության շրջանակներում, սակայն, ՀՀ Ոստիկանությունը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել Տ. Սիրադեղյանին ՀՀ Ոստիկանության կողմից օրինական պահանջ ներկայացվելու մասին, և գտավ, որ գործում առկա ապացուցները չեն փաստում այդ հանգամանքը: Նա նաև նշեց, որ նույնիսկ պահանջ ներկայացված լինելու դեպքում, այն չի կարող համարվել օրինական, քանի որ չի համապատասխանել օրինական պահանջի բաղադրիչներին: Այսպիսով, Տ. Սիրադեղյանի կողմից իրեն վերագրվող արարքի կատարման չհիմնավորման պայմաններում, ելնելով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքից, վերջինիս ներկայացուցիչը գտավ, որ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ Տ. Սիրադեղյանի:
Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչն անդրադառձավ նաև ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափության հիմնավորումներին: Տ. Սիրադեղյանը նշեց, որ օրինական պահանջ չներկայացվելու պայմաններում հակընդդեմ հայցվորի ձերբակալումը չի համապատասխանել ինչպես ՀՀ Սահմանադրության և ներպետական օրենսդրության, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջներին, բացի դրանից՝ գտավ, որ դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցներն իրենց համակցության մեջ փաստում են նաև ՀՀ Ոստիկանության բաժնում օրենսդրությամբ նախատեսված 3 ժամից ավելի պահվելու մասին: Բացի դրանից՝ հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացուցչի ամփոփիչ ճառում հիմնավորումներ ներկայացվեցին նաև Տ. Սիրադեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև հավաքի ընթացքում ՀՀ Ոստիկանության կողմից անհարկի և անհիմն ֆիզիկական ուժ կիրառելու ապացուցվածության առումով: Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը գտավ, որ դատավարության ընթացքում հիմնավորվել է Տ. Սիրադեղյանի՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի ու հավաքների ազատության իրավունքների խախտման փաստերը: Եզրափակելով ճառը՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացված հայցը և ամբողջությամբ բավարարել հակընդդեմ հայցադիմումը:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանը, Դատաքննությունը համարելով ավարտված, նշանակեց Դատարանի որոշման հրապարակման օրը՝ 2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:15-ին: