«Թող ստուգեն, եթե պարզվի, որ բացակաների փոխարեն ընտրություն չի եղել, պատրաստ եմ սուտ մատնության համար գնամ նստեմ»
11:19, December 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ամփոփելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը, խոսեց կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաների մասին: Ըստ իրավապաշտպանի՝ գործի էր դրվել մշտական կեղծիքների մի ամբողջ փունջ, սակայն այս քվեարկության ընթացքում արձանագրված մեկ այլ առանձնահատկության մասին խոսեց.
«Շեշտը դրվել էր հանձնաժողովի ու անդամների վրա, այսինքն շեշտը դրվել էր ոչ թե ընտրողներին կաշառելու, ահաբեկելու եւ այլն, եւ այլն, դա էլ կար, բայց հիմնական հարցը դրված էր հանձնաժողովին կաշառելու, հանձնաժողովներին վախեցնելու, ահաբեկելու, անդամներին ստիպելու, որպեսզի քվեարկության արդյունքները կեղծվեին, սա առաջին աչքի ընկնող հանգամանքն էր: Եվ դա իմ կարծիքով պայմանավորված է զուտ ֆինանսական նպատակահարմարությունից ելնելով, քանի որ առավել քիչ ֆինանսական ռեսուրսներով ստանալ նույն արդյունքը, որը կարող էին ունենալ ընտրողներին կաշառելու միջոցով, չնայած ընտրողներին կաշառելու դեպքեր էլ են արձանագրվել, բայց հիմնականը դա հանձնաժողովների վրա էր կենտրոնացված»,- գտնում է իրավապաշտպանը:
Սակայն ըստ Արթուր Սաքունցի՝ քվեարկության արդյունքների կեղծման անխափան գործընթացի ապահովման համար ճնշումներ կիրառվեցին նաեւ դիտորդների ու վստահված անձանց վրա. «Վախեցնել, սպառնալ, կաշառել, նույնն էլ դիտորդների վրա, բայց դա էլ ընտրողաբար էր, կախված դիտորդի անձից, կախված դիտորդի դիմադրությունից, կարողությունից: Երեք շերտ կարելի է առանձնացնել. որտեղ դիտորդ չի եղել, «այո»-ի տվյալներն ավելի ցայտուն են, նաեւ քվեարկության մասնակիցների թիվն է անհամեմատ մեծ, այնտեղ, որտեղ դիտորդը թույլ է, այդտեղ միջին տվյալ է, իսկ մյուս տեղերում արդեն, որ ավելի խիստ է եղել վերահսկողությունը, քաղաքացու ձայնը պաշտպանվել է: Այս քվեարկության ժամանակ անձի ընտրություն չկար, ու իրապես այս քվեարկությամբ դրված էր Ս. Սարգսյանի նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքի հարցը՝ հանձինս սահմանադրական փոփոխությունների, քանի որ դա միանշանակ իր նախաձեռնությունն էր, ու դա քաղաքական համաձայնության արդյունքում չէր այդ նախաձեռնությունը»,- նշեց Ա. Սաքունցը:
Անգամ համատարած ընտրախախտումների, ճնշումների ու սպառնալիքների պարագայում հատկապես քաղաքների բնակչությունն իրենց բացասական վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ արտահայտելու հնարավորություն, ըստ Սաքունցի, ունեցավ, սակայն մեր զրուցակիցը մեկ կարեւոր հանգամանքի էլ անդրադարձավ. «Սակայն նույն այդ քաղաքացիները միաժամանակ պատրաստ են նաեւ ակտիվ գործողությունների, ու սրանով է պայմանավորված Սերժ Սարգսյանի հապշտապ հավաքի կազմակերպումը եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեսակետ հայտնելը, որ հանրաքվեն կայացած է՝ մինչեւ պաշտոնական տվյալների վերջնական հայտարարումը, քանի որ իր մտահոգությունը շատ պարզ է, քանի որ վտանգ էր զգում: Այդ պասիվ քաղաքացին, որը պատրաստ է ակտիվ գործողության, ինքը հենց տեսնի, Արքիմեդի կանոնի համաձայն, հենման կետ, ապա միանշանակ այս վիճակն արմատապես կփոխվի, այսինքն կա պատրաստակամություն, եւ կա պոտենցիալ փոփոխությունների, խնդիրը մնում է իրականացման համար անհրաժեշտ պայմաններ, լեգիտիմ հենման կետ, ու ես համաձայն չեմ այն գնահատականներին, թե գյուղական համայնքների բնակիչները կաշառված էին, քանի որ մենք չունեինք այն ռեսուրսները եւ նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք «ոչ»-ի կողմնակից էին, վերահսկողության ապահովման անհրաժեշտ ռեսուրսներ չունեինք»,- գտնում է իրավապաշտպանը:
Ա. Սաքունցը հայտարարում է, թե վստահ է՝ այն տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակիցների ակտիվության ցուցանիշը բարձր է եղել, տեղի է ունեցել կամ լցոնում, կամ բացակա անձանց փոխարեն ընտրություն. «Որտեղ առնվազն 70 եւ ավելի տոկոս մասնակցություն է եղել, տեղի է ունեցել լցոնում, սա հաղորդում է հանցագործության մասին, թող ստուգեն, եթե ոստիկանությունը կարողանում է ստուգել, թե Ավետիսյանների ընտանիքի անդամների փոխարեն ընտրել են, թե ոչ, դա նշանակում է, որ իրենք կարող են ստուգել նաեւ իմ ասածը, ու եթե կստուգեն, ու կպարզվի, որ, ասենք, բացակաների փոխարեն ընտրություն չի եղել, ես պատրաստ եմ սուտ մատնության համար գնամ նստեմ ու պատասխանատվություն կրեմ, իսկ եթե իրենք չստուգեն, ինչպես դա արեցին Ավետիսյանների պարագայում, դրանով կապացուցեն, որ դա իրապես տեղի է ունեցել, եւ հանցագործության կոծկում է տեղի ունենում հենց իրավապահ մարմինների անգործության արդյունքում»,- եզրափակեց նա: