Բարեփոխումներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոլորտում. թաքնված վտանգներ
17:09, December 17, 2015 | Հայտարարություններ, ՍեփականԱյսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին:
Նախագծի կազմումը և հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված երկու կարևոր որոշումներից՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունից և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգից: Նշված փաստաթղթերը ուղղված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարմանը:
Հայաստանի Հանրապետությունը նշված կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին սեպտեմբերի 22-ին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Կոնվենցիայի 19-րդ հոդվածն ամրագրում է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավելու իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում մեծ թվով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք խնամք և բուժում են ստանում փակ տիպի հոգեբուժական կամ խնամքի հաստատություններում՝ անազատության մեջ, մեկուսացված համայնքից: Հոգեկան առղջության խնդիրներ ունեցող անձանց մեկ այլ մասը, գտնվելով հաստատություններից դուրս, ընդհանրապես պատշաճ խնամք և բուժում չի ստանում: Ուստի համայնքահեն ծառայությունների՝ ինչպես օրինակ խնամքի շուրջօրյա տների ներդնումը կարևոր քայլ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ Կոնվենցիայով ամրագրված իրավունքների ապահովման գործում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ողջունում է «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման ընդունումը, միևնույն ժամանակ լիահույս է, որ նշված որոշման կիրառման ընթացքում կբացառվեն շուրջօրյա խնամքի տների ինստիտուցիոնալիզացման վտանգները:
Համայնքահեն ծառայություններից օգտվող անձանց խնամքը պետք է կազմակերպվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված արժանապատվության նկատմամբ հարգանքի, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության, անձի անկախության և հավասարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան: