Արթուր Սաքունց. Պատգամավորները պատասխանատու են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ 427.000 քաղաքացիների առջև
22:53, December 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԻնչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պետք է հավաքի 27 պատգամավորի ստորագրություն։ Երեկվա տվյալներով` արդեն 17 պատգամավոր ստորագրել է այդ փաստաթուղթը:
Այս թեմայի շուրջ newsline-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
– Պարոն Սաքունց, ինչպես հայտնի է, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ պատգամավորների շրջանում: Ինչպե՞ս կգնահատեք այս քայլը:
– Դա ճանապարհ է, որը նույնպես պետք է օգտագործել: Դա միջոց է, որ բացահայտվի, թե ովքեր են պատրաստ այս ծրագիրը գործի գցել: Եթե հանրաքվեն իսկապես չի կեղծվել, ինչո՞ւ չեն ուզում ստորագրել մեր պատգամավորները: Այս նույն Հանրապետական կուսակցության պատգամավորները թող ստորագրեն, ասեն` հարց չկա: Նրանք համարձակություն չունեն այդ քայլն անելու համար: Կեղծիքների ծավալն իրապես այնքան մեծ է, որ Սահմանադրական դատարանում հարթակ տրամադրելու պարագայում ամբողջական պատկերը կերևա: Նրանք գիտեն, որ ելքը կարող է բավականին տխուր լինել: Իրենք առավել քան համոզված են, որ հանրաքվեն կեղծված է: Եթե համոզված չլինեին, կասեին` ոչ մի խնդիր չկա, ստորագրենք, թող Սահմանադրական դատարանն էլ քննի այս հարցը: Սա կեղծված հանրաքվե է. և՛ կազմակերպումը, և՛ անցկացման ընթացքը, և՛ ամփոփումը կեղծ են:
– Երեկվա տվյալներով՝ արդեն 17 պատգամավոր ստորագրել է այս փաստաթուղթը: Ի՞նչ եք կարծում, կհավաքվի՞ ևս տասը ստորագրություն: Այս զարգացումների հետ կապված` ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում:
– Ճիշտն ասած` դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Մեր պատգամավորական հանրույթում քիչ պատգամավորներ կան, որ իսկապես պատասխանատու մարդիկ են: Հուսանք, որ այդ քսանյոթ ստորագրությունն, ի վերջո, կունենանք: Շատ կարևոր է, որ պատգամավորները իրենց պատասխանատու զգան ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեր 427.000 քաղաքացիների առաջ, ովքեր հստակորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը:
Աղբյուրը՝ newsline.am