Արթուր Սաքունց. Իրավապահները կոծկում են ընտրախախտումները և բազմաթիվ այլ ապօրինություններ
10:24, December 18, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԱյսօր լրագրողների հետ հանդիպեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բանախոսներն անդրադարձան այս օրերի ակտուալ հարցերից մեկին՝ իրավապահները որքանո՞վ են կանխել հանրաքվեի օրը տեղի ունեցած ապօրինությունները:
Ըստ Արթուր Սաքունցի` իրավապահները կոծկում են ընտրախախտումները և բազմաթիվ այլ ապօրինություններ. «Մենք ունե՞նք որևէ փաստ, որը կարձանագրի, որ հանրաքվեի ընթացքում իրավապահն իր նախաձեռնությամբ որևէ փաստ է արձանագրել օպերատիվ հետախուզությամբ: Կանխվե՞լ է որևէ փաստ: Ո՛չ: Իրավապահ մարմինները սեփական նախաձեռնությամբ որևէ գործողություն չեն իրականացրել, որպեսզի հանրության մոտ վստահություն ապահովեն, որ իրենք իսկապես ունեին նպատակադրվածություն` հանրաքվեի ընթացքը նորմալ ապահովելու համար: Դիտորդը կամ վստահված անձը, որը կանխում է որևէ ապօրինի քայլ, հետագայում քրեական հետապնդման է ենթարկվում այնպես, ինչպես Վարդգես Գասպարին:
ԿԸՀ-ն ստացել է ահազանգեր, բայց պատշաճ քննություն չի իրականացրել: Իրավապահ մարմինները սպասում են, որ ԿԸՀ-ն արդյունքները հրապարակի, հետո ցույց են տալիս` իբր գործ են անում: Եթե իրենք կարող էին Ավետիսյանների ընտանիքի` ընտրացուցակներում առկա լինել-չլինելու փաստը ճշտել, ընտրության հետ կապված ճշտումներ անել, ապա այս դեպքում էլ կկարողանան: Գրանցամատյաններում կարող են ստուգել` ովքեր են մասնակցել հանրաքվեին, ում անուններն են ներառված եղել այդ ցուցակներում: Կրկին անգամ ասում եմ` իրենք հանցագործություն են կոծկում: Դեռևս դեկտեմբերի 4-ին մենք ահազանգեցինք, որ ընտրական հանձնաժողովներում ներառված են ավագանու անդամներ, բայց այս հարցը ամբողջությամբ չկարգավորվեց: Էլի հանձնաժողովներում մնացին ավագանու անդամներ: Ասում են` չգիտեինք: Է, իմանայի՛ք»,- նշեց Արթուր Սաքունցը:
Հայկուհի Հարությունյանը պնդեց, որ կան փաստեր, որոնք ապացուցում են, որ իրավապահների մեծ մասը գրեթե ոչինչ չի արել հանրաքվեի օրը` ապօրինությունները կանխելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Խախտումներ են նկատվել բազմաթիվ ընտրատեղամասերում: Մարդիկ նկատել էին, որ իրենց փոխարեն ընտրել են կամ կրկնակի քվեարկություն անող մարդկանց էին ֆիքսել… Նմանատիպ բաները պետք է տեղում փաստաթղթավորվեին: Խախտում անողը պետք է պատասխանատվության ենթարկվեր: Բռնության դեպքեր էլ են եղել, իսկ ոստիկանները անգործություն են դրսևորել, ասել են` մինչև հանձնաժողովի նախագահը չասի, ես ոչինչ չեմ անի: Նմանատիպ իրավիճակում հայտնվել է Հրայր Մանուկյանը: Մարդուն ծեծում են, գողանում հեռախոսը, բայց իրավապահը սպասում է, որ հանձնաժողովի նախագահը հրահանգ տա: Ի՞նչ գնահատական տալ այս երևույթներին: Բոլոր տեղամասերի ոստիկաններին պետք է կանչեն, շտկումներ արվեն: Վերջիններս իրենց դրսևորած անգործության համար պիտի պատժվեն»,- նշեց Հայկուհի Հարությունյանը:
Դանիել Իոաննիսյանը ևս պնդեց, որ իրավապահները հանրաքվեի օրը թերացել են, ավելին` անգործություն են դրսևորել: «Հունան Պողոսյանն ասում է` ահազանգեր չեն եղել: Դա բացարձակ սուտ է: Հանրաքվեի օրը տեղի ունեցած ապօրինությունների հետ կապված ընդամենը տասնյոթ գործ է հարուցվել, մեկն էլ ձերբակալվել է, մինչդեռ լրատվամիջոցներում մարդիկ տեսել են, որ եղել են բազմաթիվ ընտրախախտումներ. հոլովակներ, ձայնագրություններ կան: Չի՛ կարելի մարդկանց հետ այսպես վարվել»,– նշեց Դանիել Իոաննիսյանը:
Աղբյուրը՝ newsline.am
Տես նաև՝ news.am