Հովհաննես Մոսյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
11:14, December 18, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Մասնավորապես, վերջիններս բողոք են ներկայացրել դատարան ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ՝ խնդրելով վերացնել այն և գործն ուղարկել նախաքննության:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Գ. Մոսյանը, վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը, վարույթն իրականացրած Ա. Առաքելյանը և վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանը:
Դատական նիստի ընթացքում Տ. Սիրադեղյանը ներկայացրեց բողոքը: Նա հիմնավորումներ ներկայացրեց Հ. Մոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան անօրինական կալանավորելու, պաշտպան ունենալու իրավունքից զրկելու, Ս. Առաքելյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում Հ. Մոսյանի՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժին ինքնակամ ներկայանալու հանգամանքները չպարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն չկատարելու վերաբերյալ:
Վարույթն իրականացրած Ս. Առաքելյանն ու վերահսկող դատախազ Հ. Պետրոսյանն առարակեցին ներկայացված բողոքի դեմ, նշելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Գ. Մոսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը որոշ փաստաթղթեր Դատարան ներկայացնելու նպատակով:
Դատարանը, միջնորդությունը հիմնավոր համարելով, հետաձգեց բողոքի քննությունը և նշանակեց 2016 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ին:
Տես նաև՝ hcav.am