Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրովող բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում
12:20, December 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան գործով դատաքննությունը: Դեկտեմբերի 21-ին՝ գործով առաջին դատական նիստին, երեխայի մահվան մեջ մեղադրվող՝ Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ես ոչ անսիրտ եմ եղել, ոչ անբարեխիղճ: Մեղադրում են ինձ, թե ինչու երեխային միանգամից չեմ տարել վերակենդանացման բաժանմունք: Մենք տարեկան 800-900 հիվանդ ենք ընդունում, այդ ախտանիշներով երեխան պետք է հոսպիտալացվեր ընդհանուր բաժանմունքում: Իսկ շոկային վիճակը պետք է անմիջապես գնահատվի: Եթե վիճակի մասին եք խոսում, դա տեսել են մի քանի բժիշկներ, որ կարող են ասել՝ երեխան այդ վիճակում չի եղել, նա շոկային վիճակում չի եղել, գիտակցություն է ունեցել, իր ոտքով եկել է, ես 15 տարվա ստաժ ունեմ, նոր չեմ ավարտել, որ չկարողանայի գնահատել երեխայի վիճակը»,- ասաց նա՝ նշելով, որ եթե շոկային լիներ երեխայի մոտ, ոչ մի բժիշկ ռիսկի չէր դիմի ու երեխային ընդհանուր բաժանմունքում չէր պահի:
Նշենք, որ դատական նիստին ներկա էին մահացած երեխայի ծնողները, տատիկը:
Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015 թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը:
Աղբյուրը՝ news.am