Զինծառայողի մահվան գործով բողոքի քննությունը կշարունակվի
12:31, December 23, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի միջնորդությամբ՝ դեպքի առթիվ կատարված ծառայողական քննության նյութերը պահանջելու հիմքով:
Բողոքի քննությանը մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը: Կողմերը չառարկեցին դատական նիստը տուժողի իրահաջարոդի և նրա ներկայացուցիչ Ա. Սաքունցի բացակայությամբ անցկացնելու դեմ, և դատական նիստը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ:
Նախագահող դատավոր Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Դատարանի կողմից ներկայացված գրությանն ի պատասխան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է կատարված ծառայողական քննության նյութերը: Դատարանը նաև տեղեկացրեց, որ հիշյալ նյութերը կարող են պարունակել պետական և ծառայողական գաղտնիք, ուստի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը գրավոր պարտավորվեց չհրապարակել հիշյալ նյութերը:
Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ ծառայողական քննության նյութերը ծավալուն են և միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով՝ ծանոթանալու ծառայողական քննության նյութերին՝ անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:
Վարույթն իրականացրած Լ. Եղոյանը և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը չառարկեցին դատական նիստը հետաձգելու միջնորդության դեմ:
Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, մրցակցության սկզբունքի ապահովման նպատակով, որոշեց՝ հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով տուժող կողմին՝ ծանոթանալու ծառայողական քննության նյութերին:
Սույն գործով բողոքի քննությունը կշարունակվի 2016թ. հունվարի 14-ին՝ ժամը 14:00-ին: