«Ընտրական օրենսգրքի փոփոխություններից առաջ պետք է յուրացնել հանրաքվեի արդյունքները»
09:00, December 26, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՄեկնարկել են նոր Ընտրական օրենսգիրք մշակելու շուրջ քննարկումները: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս կապակցությամբ մտահոգություններ ունի:
Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի (ԸՕ) եւ մյուս օրենքների փոփոխությանն անցնելուց առաջ պետք է կարողանանք սահմանադրական հանրաքվեի արդյունքները յուրացնել: Այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ եւ Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագիծը, որը պարտադրվեց թե առաջարկման, թե հանրաքվեի միջոցով, անհետեւանք չի կարող անցնել: Չենք գտնվում մի իրավիճակում, որ կարող ենք խոսել գործող օրենսդրության եւ սահմանադրության համապատասխանության մասին: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա, եթե ընդունենք, որ ղեկավարվելու ենք պարտադրված սահմանադրությամբ, բնականաբար պետք է օրենքները համապատասխանեցնենք:
Այլեւս ՀՀ նախագահ չի ընտրվելու, ուղղակի ընտրությամբ, ԱԺ-ն ամբողջությամբ լինելու է համամասնական, եւ խոսքը գնում է կայուն մեծամասնության ձեւավորման մասին: ԸՕ-ում պետք է լուծումներ տրվեն նաեւ ՏԻՄ ընտրությունների հարցին: Եթե դիտարկենք իրավական համապատասխանության տեսանկյունից, իհարկե, պետք է ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները, բայց մենք չենք գտնվում այն վիճակում, որ կարելի է դրա մասին խոսել: Սա անվանում եմ սահմանադրական ճգնաժամ, որովհետեւ առաջարկել են խաղի կանոններ, որոնք բացարձակ վստահություն չունեն»:
Իրավապաշտպանի համոզմամբ, բացակայում է Սերժ Սարգսյանի՝ սահմանադրության նկատմամբ վստահությունը, դրա համապատասխանության հետ կապված անհրաժեշտ երաշխիքները. «Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ Սահմանադրության արդյունքները կեղծված են, լցոնված են բացակա ընտրողների փոխարեն, այս հարցը պետք է քննության առարկա դառնա եւ լինի առաջնային, ոչ թե օրենքների փոփոխությունները»:
Աղբյուրը՝ aravot.am