ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ Բահրեյնի Թագավորության ձերբակալված քաղաքացուն ազատ արձակելու և նրա հնարավոր արտահանձնումը կասեցնելու պահանջի վերաբերյալ
18:24, January 5, 2016 | Հայտարարություններ, Սեփական2016թ. հունվարի 2-ին ՀՀ Ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, որ 2016թ. հունվարի 1-ին՝ ժամը 23:00-ին, Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ը, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:
Ֆադհել Ռ.-ը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ներկայացուցչությունը՝ հետախուզումը նախաձեռնողին հայտնելու համար:
Միաժամանակ 2016թ. հունվարի 2-ին Բահրեյնի Թագավորության Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող անձի, ով ահաբեկչական նպատակներով սեփականության վնասման և պայթուցիկ նյութերի օգտագործման համար Բահրեյնում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Հակակոռուպցիոն, տնտեսական և էլեկտրոնային անվտանգության գլխավոր տնօրենը Ինտերպոլին խնդրել էր ձերբակալել հետախուզվող անձին, ինչպես նաև հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում կալանավորված անձին վերադարձնելու ուղղությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ինտերպոլի միջոցով Բահրեյնի Թագավորության 25-ամյա քաղաքացու հնարավոր արտահանձման փաստով:
Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ ՄԱԿ-ը, որի անդամ է հանդիսանում և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Բահրեյնի Թագավորությունը, իր կառույցների մի շարք որոշումներով անդրադարձել է Բահրեյնի Թագավորությունում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների տարածվածության վերաբերյալ:
ՀՀ կողմից ձերբակալված՝ Բահրեյնի Թագավորության քաղաքացու արտահանձնումը կարող է հանգեցնել նրա նկատմամբ խոշտանգումների, դաժան, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի Բահրեյնի իշխանությունների կողմից, որի համար անմիջական պատասխանատվություն կկրեն ՀՀ իշխանությունները:
Ելնելով Բահրեյնի Թագավորությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ մտահոգություններից և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տրամաբանությունից՝ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ֆադհել Ռ.-ին և կասեցնել նրա արտահանձնումը Բահրեյնի Թագավորությանը:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ