Արթուր Սաքունց. Պետք է տեղափոխվենք իրավական դաշտ, և առաջին պայմանը սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելն է
12:13, January 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններNewsline.am-ի զրուցակիցը իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է։
Իրավապաշտպանի տեսակետից ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանում տարբեր ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող բռնությունները, որոնք, տուժածների բնորոշմամբ, բացառապես քաղաքական բնույթ են կրում։
Ես, իհարկե, խիստ դատապարտում եմ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական նոր հետապնդման փաստը և ակնհայտ ապօրինի կալանքի վերցնելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Նշեմ, որ բոլոր այդ քրեական գործողությունները կատարվել են առանց պատշաճ դատախազական վերահսկողության, որովհետև, ըստ էության, Դատախազությունը չի աշխատել, և թե՛ ոստիկանների, թե՛ քննչական մարմնի կողմից քրեական գործի հարուցումը և խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կատարվել է՝ առանց Դատախազության պատշաճ հսկողության և օրինականության ստուգման։ Կարելի է ասել՝ դա ամբողջովին կամայականություն է, և հերթական անգամ ՀՀ դատարանը հանդես եկավ որպես ընդամենը քննիչի միջնորդությունը նոտարական վավերացնողի դերում։
Դատապարտում եմ միանշանակ խայտառակ հարձակումը Սյուզի Գևորգյանի նկատմամբ, սա ևս երկրորդ հերթական դարանակալած հարձակումն էր երիտասարդ աղջկա նկատմամբ. նա ենթարկվել է բռնության նաև անցյալ տարի։ Ցավոք սրտի, իրավապահ մարմիններն անգործություն դրսևորեցին, և այդ անգործության հետևանքով հնարավոր եղավ այս հերթական բռնության փաստը, որովհետև, ըստ էության, կատարողները նույն մարդիկ են եղել, որոնք կրկնել են իրենց նախորդ անգամվա զգուշացումներն ու սպառնալիքները։
Նաև խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած անկարգությունները, երբ փողոցում կարող է ՀՀԿ-ական այդ խուժանը հարձակվի և մարդու նկատմամբ բռնություն գործադրի, ընդ որում, անպատիժ ձևով, և դա վկայում է հենց այն մասին, որ բռնությունների հովանավորումը իրականացվում է ՀՀԿ-ական իշխանության կողմից, և ուղղակի աննախադեպ էր նաև Զառա Հովհաննիսյանի նկատմամբ ֆեյսբուքյան սպառնալիքները, ընդ որում՝ և՛ իր, և՛ իր երեխաների նկատմամբ։ Այսինքն՝ մենք, դեռ տարին չսկսված, գործ ունենք ապօրինի քրեական հետապնդման, կալանավորման, հրապարակային բռնությունների և սպառնալիքների մի ամբողջ փնջի հետ, որը խոսում է այն մասին, որ անպատժելիությունն այլևս դարձել է ոչ միայն գործելակերպ քրեական հետապնդումների տեսքով, այլ նաև՝ փողոցային մակարդակի դրսևորումների տեսքով։
Ինչի՞ մասին է վկայում ձեր իսկ բնորոշմամբ «ՀՀԿ-ական խուժանի» այս վարքագիծը։ Սա վախի մթնոլորտի տարածման փո՞րձ է, թե՞ խուճապի դրսևորման յուրօրինակ տեսակ։
Սա կարող է վկայել հետևյալի մասին. առաջի հերթին՝ ՀՀԿ-ական իշխանությունը լուրջ մտահոգություն ունի սահմանադրական փոփոխություն այդ խայտառակ օպերացիայի ակնհայտ կեղծված արդյունքներն իրացնելու, հրամցնելու, պարտադրելու ուղղությամբ, որովհետև բացարձակապես վստահության այլևս որևէ ռեսուրս չունի, որը վաղուց չուներ, բայց գոնե ուներ մանիպուլյացիայի, աճպարարաության հնարավորությունների դաշտ։ Հիմա այդ հնարավորություններն էլ չունի, և միակ միջոցը մնացել է բռնությունը, որով հարաբերվում է և՛ քաղաքական ընդդիմադիրների, և՛ քաղաքացիական ակտվիստների հետ։ Նպատակը մեկն է՝ պահպանել սեփական իշխանությունը, քանի որ այն կորցնելու վախը բավական մեծ է։ Չունի բացարձակապես որևէ բան առաջարկելու ՀՀ-ի հասարակությանը։
ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո այն բոլոր ձևակերպումները, իբր դա արվում է անվտանգության նկատառումներով, հօդս ցնդեցին, քանի որ ամբողջովին անհիմն դուրս եկան, ավելին՝ սպառնալիքները մեծացան։ Ներքին տնտեսական զարգացման կամ հնարավորությունների առումով նույնպես բոլոր խոստումները փուչ դարձան, որովհետև ակնհայտորեն ունենք տնտեսական հետընթաց, և իրենք էլ արդեն չեն թաքցնում, որ վիճակն ավելի է վատանալու, սոցիալական անապահովության մակարդակն ավելի կաճի և ըստ էության, իշխանությունն այն բոլոր գործառույթները, որոնք պետք է կատարեր իր պարտավորությունները հանրության առջև կատարելու համար, չունի այլևս դրանց կատարման մասին վկայող գեթ մի փաստ, որով կհիմնավորեր սեփական գոյությունը։ Դա այլևս հրապարակային արձանագրված փաստ է, և այդ իրավիճակը փորձել նենգափոխել սահմանադրական հանրաքվե պարտադրված օպերացիայով մնում է իր միակ գործիքը, մեթոդը, որը նույնպես արդեն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, քանի որ ակնհայտ է դրանց կեղծված լինելը։ Եվ կարող ենք ասել, որ իրապես ՀՀԿ-ական իշխանությունն այլևս մերկ է հանրության առջև և պատասխանատվությունից խուսափելու միակ գործելակերպը սպառնալիքների, բռնությունների մեթոդն է, որով փորձում է լռեցնել այն բողոքի դրսևորման ձևերը, որոնք ներկայում կան և շատ լավ հասկանում է, որ դրանք կարող են նաև բազմապատկվել։
Իշխանության նկատմամբ անվստահությունը, լեգիտիմության կորուստն այլևս ոչ միայն դարձել են քաղաքական ընդդիմության օրակարգի հարցը, այլ՝ ամբողջ հասարակության կողմից է այդ ոչ լեգիտիմությունը որպես խնդիր ձևակերպված։ Չկա մի բնագավառ, որտեղ համակարգային պրոբլեմներ չունենա այս իշխանությունը։ Կարող եմ ասել, որ ՀՀԿ-ական իշխանությունն անգործության է մատնված, քանի որ չունի անելիք, ինքը պարփակված է իր կոռուպցիոն շահերով։ Եվ այս պարագայում նման գործողությունները ես բնութագրում եմ ոչ միայն հնարավոր ընդվզման կրակները մարելու նպատակ, այլ նաև՝ իր ռեսուրսների մոբիլիզացիայի նպատակ։ Վստահ կարող եմ ասել, որ նաև ապարատում չունի միանշանակ ընդունելիություն։ Այսինքն՝ ապարատը, որի վրա հիմնված է ամբողջ այդ քաղաքական իշխանությունը, անվստահ է նաև պետական ապարատի նկատմամբ, քանի որ ինքը չի բավարարում նաև պետական պաշտոնատար անձանց կարիքները։ Խոսքը չի վերաբերում քաղաքական հայեցողական պաշտոնյաներին, այլ՝ հենց պետական ինստիտուտների աշխատողներին, պետական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին, որոնց վրա ևս բավական մեծ ազդեցություն ունի այս սոցիալ-տնտեսական անապահովության վիճակը։ Եվ երբ զուգահեռաբար դիտարկում ենք նույն բյուջետավորումը որպես գործիք, ապա տեսնում ենք, որ իրավապահ մարմիններին հատկացված բյուջետային միջոցները անհամեմատ գերակշռում են մնացած բոլոր միջոցներին։ Եվ մոբիլիզացիայի միակ ռեսուրսը մնացել են իրավապահ մարմինները։ Նկատի ունեմ Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Զինված ուժեր, այսինքն՝ ուժային կառույցների միջոցով կարող է նա միայն պահպանել իր իշխանությունը, որը և անում է, և դա քաղաքականության էությունն է։ Սրանք միաժամանակ այն կառույցներն են, որոնց միջոցով անվերահսկելի կոռուպցիոն սխեմաներն են աշխատում։
Մենք ունենք երկու պետություն, մեկը՝ ՀՀԿ-ական իշխանության պետությունն է, մյուսն այն պետությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հասարակություն, և մենք մի պետության մեջ, բայց երկու տարբեր աշխարհներում ենք գտնվում։ Կուզեի ընդգծել, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ի ներսում, տեղի է ունենում այնպիսի իրավիճակում, երբ, ըստ էության, նաև ՀՀ սահմանների երկայնքով են բավական լուրջ գործընթացներ տեղի ունենում։ Ես նկատի ունեմ հայ-թուրքական սահմանը, Ղարաբաղյան ճակատը, մեր մյուս հարևան Իրանը ևս լուրջ խնդիրների մեջ է ներգրավվում արաբական աշխարհի հետ։ Այսինքն՝ կուզեի այս հանգամանքը արձանագրենք, որ երբ տեսնում ենք այն արտաքին մարտահրավերները, որոնք ձևավորվում են ՀՀ-ի՝ որպես պետության և նրա քաղաքացիների նկատմամբ և այն գործելակերպը, որը որդեգրում է իշխանությունը երկրի ներսում, իրենք լիովին անհամարժեք են, եթե ոչ անգրագետ և անպատասխանատու։ Այս խայտառակ իրավիճակում առկա է միայն իշխանության պահպանման միտում, որը բացարձակապես խոսում է պետության և նրա քաղաքացիների նկատմամբ պետական անպատասխանատու մտածողության ու գործելակերպի փաստի մասին։
Տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան դատապարտող հայտարարություններով։ Ի՞նչ եք կարծում, այդ հայտարարությունները որևէ ազդեցություն կունենա՞ն, կկանխե՞ն մարդու իրավունքների ոտնահարման այսօրինակ դեպքերը։
Այո, այդ գնահատականները կարևոր են, որովհետև հրապարակային դիրքորոշումներն արձանագրում են, որ իմ նշած մյուս Հայաստանը կա, որ այդ վախի մթնոլորտի ուղղությամբ ձևավորվող քայլերը, ահաբեկչական գործողությունները սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք բխում են վախկոտությունից, պատասխանատվությունից խուսափելուց, այնուամենայնիվ հակադարձվելու են, ավելին՝ ոչ միայն այդ գնահատականներն են լինելու։
Ըստ Ձեզ՝ միջազգային արձագանքը և՞ս չի ուշանա այս բռնությունների վերաբերյալ։
Անպայման կլինեն միջազգային արձագանքները, դրանք, պետք է ասել, որ կարևոր գործոններից են, որոնք ազդեցություն ունեն։ Ակնհայտ է, որ ՀՀ կոռումպացված համակարգն իր կոռուպցիոն ախորժակը լրացնելու համար չի կարող ներքին ռեսուրսներով այլևս բավարարվել, ՌԴ-ից ակնկալիքները չեն կարող բավարարվել, քանի որ ՌԴ-ն ինքն էլ գտնվում է շատ ավելի խորը ճգնաժամային իրավիճակի մեջ։ Միակ աջակցության հնարավորությունը ԵՄ-ն է և միջազգային կառույցները, բայց որոնք այլևս չունեն որևէ վստահություն ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Սա պետք է արձանագրել, քանի որ Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կառավարության՝ հանձին դեսպանության, բավական կոշտ գնահատականները վկայում են, որ Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունները սպառել են իրենց վստահության որևէ պաշար։ Եվ ինքը գտնվում է իր իսկ ստեղծած ծուղակի մեջ։ Այս առումով, իհարկե, ունենք մի վտանգ. հնարավոր է՝ անկայունության լուրջ գործընթացներ գնան, եթե իշխանությունները շարունակեն այդ գործելակերպը։
Ուժային մեթոդներով տիրապետել ՀՀ-ում իրավիճակը ոչ ոքի չի հաջողվել ու չի հաջողվելու, նույնիսկ Ռ. Քոչարյանին չի հաջողվել։ Այս առումով պատասխանատու իշխանությունը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա՝ ընդունելով իր բոլոր ձախողումները, մյուս կողմից էլ պետք է քաղաքական լուրջ կառույց, որը կարող է ապահովել մոբիլիզացիան, այսինքն՝ վստահության պաշարը, որը կգա փոխարինելու անվստահության վիճակին։ Մենք պետք է տեղափոխվենք իրավական դաշտ, բայց դա առայժմ միայն ցանկություն է, քանի որ դրա համար առաջին պայմանը պետք է լինի սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելը, նախկին սահմանադրական կարգի վերականգնումը, և իրապես սկսելու նոր Սահմանադրության ձևավորման պրոցեսը, որին պետք է մասնակցեն բոլորը։