«Քավության նոխազի տեսքով մատաղ անելը ճիշտ չէ, տեղի է ունեցել համակարգված հանցագործություն»
00:21, January 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՄի քանի օր առաջ սկսվեց Զավեն Միրիջանյանի գործով դատավարությունը, որի ժամանակ որոշում կայացվեց արագացված դատավարություն կազմակերպել: Վերջինս էլ դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում, և հենց ամբաստանյալն էլ միջնորդեց կիրառել արագացված դատավարություն։
Հիշեցնենք, խոսքը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձ իրականացրած Կենտրոն վարչական շրջանի աշխատակցի մասին է: Այս փաստը դատախազին ներկայացրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի միասնական ճակատի պատասխանատու Լևոն Զուրաբյանը:
Տեղեկությունն արագորեն տարածվեց բոլոր լրատվամիջոցներով և հայտարարվեց, որ հարուցվել է քրեական գործ:
Զավեն Միրիջանյանին մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր արարքի՝ հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:
Միրիջանյանը, որպես Երևանի 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, հանրաքվեից առաջ փորձել էր կաշառել ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանին՝ առաջարկելով 100 հազար դրամ: Կար այդ զրույցը փաստող ձայնագրություն, որն էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փոխանցել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Դատական նիստի ժամանակ դատախազը հայտարարեց, որ հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, այդ թվում այն, որ Զավեն Միրիջանյանն առողջական խնդիրներ և անչափահաս երեխաներ ունի, նրա համար պահանջեց 3 տարի և միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել։
Դատավճիռը կհրապարակվի մի քանի օրից: Սակայն անդրադառնալով սկսված դատական գործընթացին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն բնորոշեց խայտառակություն և ասաց, որ դատախազն ակնհայտորեն ընտրողական մոտեցում ցուցաբերեց.
«Դա վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ի իշխանությունը ղեկավարվում է Մուսոլինիի սկզբունքով. օրենքներն ամբողջությամբ կիրառել ընդդիմադիրների նկատմամբ և չկիրառել յուրայինների նկատմամբ: Այդ նեղ պատիժը՝ պայմանական պատիժը, վկայում է այն մասին, որ բոլոր այն հավաստիացումները, որ իբրև իրենք անողոք են լինելու ընտրախախտումներ կատարածներին բացահայտելու և խախտողներին պատժելու կապակցությամբ, չեն վերաբերվում որոշումներին կամ քայլերին, որոնք մենք տեսնում ենք»:
Իրավապաշտպանի խոսքերով՝ իհարկե որոշակի «վիճակագրություն» ՀՀ իշխանությունները պատրաստելու են միջազգային կառույցներին «թիվ» ներկայացնելու համար, բայց իրականում նրանց գործողություններն իրականությունը հանրության աչքում աղճատելու համար են:
«Միջազգային հանրությանը ներկայացնելու են, որ իբր Սահմանադրական հանրաքվեի ընթացքում կեղծիքներ կատարողներին պատասխանատվության կենթարկեն, որոշակի վիճակագրություն կապահովեն: Ունեն պարտադիր թվեր ապահովելու խնդիր. քանի քրեական գործ են հարուցել, քանի հանցագործություն է բացահայտվել, քանի հոգի պատասխանատվություն է կրել և այլն, և այլն: Բայց նման գործողությունները դրանք կեղծիքներ են: Կատարվել է համակարգված և համատարած խախտում, և հիմա իրավապահ մարմինների աշխատանքը կլինի միայն իմիտացիա հանցագործությունների բացահայտման, եթե չասենք՝ հանցագործության կոծկում»:
Ըստ իրավապաշտպանի՝ տեղի են ունեցել համակարգված, զանգվածային խախտումներ, կամ այդ մտայնությունը պետք է հերքել, կամ հիմնավորել.
«Մենք հստակ հարց ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որի պատասխանը մինչև հիմա չենք ստացել: Հաշվի առնենք կամ ենթադրենք՝ հունվարի 1-7 ներառյալ գլխավոր դատախազը հարկադիր արձակուրդում կամ անգործության է մատնված: Բայց մեր հարցերին, ըստ քրեական դատավարության օրենսդրության, պետք է պատասխանի: Մենք հաղորդում ենք ներկայացրել, որ 60 տոկոս և ավելի մասնակցություն ապահոված տեղամասերում ունենք հիմնավոր կասկած, որ տեղի են ունեցել լցոնումներ: Խոսքն ամբողջ հանրապետության տիրույթին է վերաբերում:
Եթե հիմնավորվի, քրեական գործ է հարուցվում, եթե ոչ, ապա պետք է հերքեն, կրկնում եմ, խոսքը գնում է մոտ 2000 տեղամասերի կեսին, սա է հիմնական հարցը, փոքր էպիզոդներով խնդիր չի լուծվում: Մի ամբողջ կազմակերպված հանցագործություն է տեղի ունեցել, ուստի մեկի կամ մի քանի հոգու վրա բարդել դա ճիշտ չի լինի:
Տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն, որտեղ շատ մարդիկ են ներգրավված եղել, որտեղ պլանավորում է տեղի ունեցել, հրահանգներ են տրվել, և մեկին-երկուսին քավության նոխազի տեսքով մատաղ անել և ասել՝ տեսեք, մենք բացահայտում ենք հանցագործությունը, դա համարժեք չէ»,- ասաց Սաքունցը: