Կոչ ենք անում Լեհաստանի իշխանություններին ապահովել սահմանադրական երաշխիքների պահպանումը
12:37, January 13, 2016 | Համատեղ, ՀայտարարություններՄենք՝ «Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի» անդամներս, խորին մտահոգություն ենք հայտնում Լեհաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա բացասական ազդեցություն գործած վերջին զարգացումների առնչությամբ: Նման զարգացումները, մասնավորապես, ներառում են շարունակական սահմանադրական ճգնաժամը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում օրենքի գերակայության և իշխանությունների տարանջատման սկզբունքների պահպանման համար, և ԶԼՄ-ների մասին նոր օրենսդրությունը, որը վտանգում է հանրային հեռարձակման ծառայությունների անկախությունը:
Վերջերս էական և խնդրահարույց զարգացումներ են նկատվել Լեհաստանի սահմանադրական դատարանի շուրջ: Նախ՝ նախագահը հրաժարվել էր ընդունել դեռևս նախորդ կազմով խորհրդարանի կողմից նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների՝ պաշտոնի ստանձնման երդումը: 2015 թվականի դեկտեմբերին նորընտիր խորհրդարանն օրենքով ամրագրված ընթացակարգերի խախտմամբ արագընթաց կարգով նշանակել է Սահմանադրական դատարանի հինգ նոր դատավոր: Խորհրդարանը չի սպասել նշված դատավորների նշանակման հիմքում ընկած օրենքի սահմանադրականության վերաբերյալ դատարանի կողմից որոշման կայացմանը, իսկ նախագահն անմիջապես ընդունել է հինգ նորանշանակ դատավորների՝ պաշտոնի ստանձնման երդումը: Բացի դրանից՝ 2015 թվականի վերջին Խորհրդարանն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքը, որը փաստացիորեն կարող է խոչընդոտել դատարանի բնականոն աշխատանքը: Նոր օրենքի ընդունումը վտանգում է դատավորների անկախությունը և կարող է թուլացնել սահմանադրական դատարանի դիրքերը և սահմանափակել լիազորությունները:
Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության Լեհաստանի համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: Դատարանը որոշում է, թե արդյոք խորհրդարանի ընդունած օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը, թե ոչ և քննում է Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների առնչությամբ քաղաքացիների ներկայացրած բողոքները: Սահմանադրական դատարանի դիրքերի թուլացումը կհանգեցնի Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության անկմանը և օրենքի գերակայության սկզբունքի խախտմանը:
Սույնով ցանկանում ենք մեր խորին մտահոգությունը հայտնել նաև «Հանրային ԶԼՄ-ների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունների առնչությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2016թ. հունվարի 7-ին նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Նշված փոփոխությունների համաձայն՝ վերացվել են հանրային հեռարձակման ընկերությունների կառավարման և վերահսկող խորհուրդների անդամների հավաքագրման բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգերը, գործադիր իշխանությունը ստացել է հանրային լրատվամիջոցների տնօրեններին նշանակելու և ազատելու բացառիկ իրավունքը, և աշխատանքից անհապաղ ազատվել են Լեհաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի ծառայության գործող խորհրդի անդամները: Այսպիսով, նոր օրենքի համաձայն՝ կառավարությունը կարող է ազդել հանրային հեռարձակման խմբագրական և ռազմավարական դիրքորոշումների վրա և լծակներ է ստանում՝ լռեցնելու քննադատության ձայնը մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խիստ անհրաժեշտ է, որպեսզի հանրային հեռարձակման լրատվամիջոցների ներկայացուցիչներն ունենան ազատ արտահայտվելու հնարավորություն: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, լեհ և միջազգային քաղաքացիական հասարակությունը և Լեհաստանի հեռարձակման անկախ վարչությունը դատապարտել են «ԶԼՄ-ների մասին» օրենքի փոփոխությունները՝ ժողովրդավարական պետության սկզբունքներին հակասելու համար: Լեհաստանի ողջ տարածքում բողոքի ցույցեր են անցկացվել օրենքի փոփոխությունների ընդունման դեմ:
Հատկանշական է, որ «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի նման «Հանրային ԶԼՄ-ների մասին» օրենքի փոփոխությունները նույնպես ընդունվել են արագացված ընթացակարգով՝ առանց քաղաքացիական հասարակության հետ համապատասխան քննարկումների անցկացման: Փոփոխված օրենքն ուժի մեջ է մտել անմիջապես՝ առանց դրա ընդունումից մինչ դրա ուժի մեջ մտնելու պահը պատշաճ ընդմիջման (լատ.` vacatio legis):
Անցած քսանվեց տարիների ընթացքում Լեհաստանը և լեհ հասարակությունը երկար ճանապարհ են անցել կոմունիստական ռեժիմից մինչև ակտիվ քաղաքացիական հասարակություն ունեցող սահմանադրական ժողովրդավարական պետություն: Լեհաստանի անցած ուղին ոգեշնչման աղբյուր է դարձել քաղաքական վերափոխումների խնդիրը հաղթահարող բազում այլ երկրների համար: Այնուամենայնիվ, վերջերս կատարված բարեփոխումները կարող են հանգեցնել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների արժեզրկմանը:
Մենք կտրականապես դեմ ենք նշված բարեփոխումներին և դրանց իրագործման համար կիրառված ընթացակարգերին: Կոչ ենք անում Լեհաստանի կառավարությանը պահպանել Լեհաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական պետության սկզբունքները և մարդու իրավունքների երաշխիքները, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում Լեհաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և հանձնառությունները: Կառավարությանը կոչ ենք անում նաև հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը և սերտորեն համագործակցել նրա հետ՝ երկրում ժողովրդավարության հիմքերի ամրապնդման, այլ ոչ թե՝ թուլացման, և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Հիշեցնենք, որ ժողովրդավարության հիմնական հատկանիշներն են՝ օրենքի գերակայության վրա հիմնված պետական կառավարումը, դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքը և հանրությանը հուզող հարցերի շուրջ բաց քննարկումների կազմակերպումը: Իշխանավորները պետք է հանդուրժեն իրենց արարքների մանրազնին ուսումնասիրությունը և քննադատությունը և պատրաստ լինեն պատասխան տալ իրենց որդեգրած ռազմավարությունների համար:
Եվ վերջապես, պետք է նշել, որ միջազգային հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Լեհաստանում վերջերս արձանագրված մտահոգիչ զարգացումների առնչությամբ, և որ Եվրոպական հանձնաժողովը նշված հարցերը կքննարկի հունվարի 13-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ: Ողջունում ենք վերոնշյալ խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը և կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև այլ ԵՄ ու միջազգային հաստատություններին՝ իրենց իրավասության և ազդեցության շրջանակներում նպաստել Լեհաստանում սահմանադրական երաշխիքների, օրենքի գերակայության և հիմնարար ժողովրդավարական և մարդու իրավունքների սկզբունքների պահպանմանը:
Հայտարարությունը ստորագրել են «Քաղաքացիական համերաշխություն պլատֆորմի» հետևյալ անդամները՝
Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)
«Միջազգային գործակցություն՝ հանուն մարդու իրավունքների» (Բելգիա)
Բիր Դուինոյի իրավապաշտպան շարժում (Ղրղզստան)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)
Մոսկվայի Հելսինկյան խումբ
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա»
Բելառուսի Հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա)
«Ռեսպուբլիկա» ինստիտուտ (Ուկրաինա)
Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ղազախական միջազգային բյուրո
«Պրոմո-Լեքս» ասոցիացիա (Մոլդովա)
Իրավակիրառ պրակտիկայի հարցերով Ուկրաինայի մարդու իրավունքների մոնիթորների ասոցիացիա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (Հայաստան)
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե
Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)
«Հանրային դատավճիռ» հիմնադրամ (Ռուսաստան)
«19-րդ հոդված» (Միացյալ Թագավորություն)
«Մարդու իրավունքների տուն» հիմնադրամ
Կոսովոյի՝ խոշտանգումներից տուժածների վերականգնողական կենտրոն
Բելառուսի լրագրողների ասոցիացիա
«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ (Ուկրաինա)
Քաղաքացիական ազատությունների գրասենյակ (Տաջիկստան)
«Գոլոս սվոբոդի» հանրային հիմնադրամ (Ղրղզստան)
Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե
«Նոտա Բենե» (Տաջիկստան)
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Բարիս Զվոզսկաուի Բելառուսի Մարդու իրավունքների տուն (Լիտվա)
«Humanrights.ch» (Շվեյցարիա)
Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե
Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտե