Դադարեցրեք բռնությունը և անօրինական քրեական հետապնդումը
17:12, January 14, 2016 | Համատեղ, Հայտարարություններ2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքների վիճարկումից հետո էլ ավելի մեծ թափ են ստացել գործող վարչակարգի հակառակորդների հանդեպ հետապնդումները, բռնությունները և սպառնալիքները: Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում են իշխանությունների անօրինական գործելակերպը: Պահանջում ենք, որ իշխանություններն անհապաղ կատարեն Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաները ստորագրած երկրի ստանձնած պարտավորությունները:
«Իշխանության գլուխ կանգնած Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է լուրջ վերաբերի քաղաքացիների շրջանում աճող դժգոհությանը և զերծ մնա իրավիճակի սրացմանը հանգեցնող ձերբակալություններից և բռնություններից», – ասել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բիերն Էնգեսլանդը:
«Նոր Հայաստան» ճակատի անդամները և այլ ակտիվիստներն ամիսներ շարունակ Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում բողոքի ցույցեր են անցկացրել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի և դեկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքների դեմ: Նրանց բողոքի առարկան հանրաքվեն էր, որը շատերի կարծիքով ոչ այլ ինչ էր, քան գործող նախագահ Սարգսյանին իր պաշտոնավարման ժամկետից հետո վարչապետի պաշտոնում իշխանության գլուխ թողնելու հնարք: Անցած շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի քանի երթեր և պիկետներ:
Ապօրինի քրեական գործ է հարուցվել նաև «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի դեմ:
Անհայտ չարագործների կողմից, ովքեր կասկածվում են վարչակարգի հետ կապված լինելու մեջ, «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի և ցուցարար Վարդգես Գասպարիի ծեծի ենթարկվելու փաստը և սոցիալական ցանցերով Զառա Հովհաննիսյանի ու նրա երեխաների դեմ ուղղված սպառնալիքները հանդիսանում են Հայաստանում ազատ և քննադատական մտածողության հետապնդման նոր և ավելի բռնի ձևեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը վաղուց արդեն չի կարողանում ապահովել իր վարչակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Վերջին զարգացումներից պարզ է դառնում, որ վարչակարգն ավելի է ուժեղացրել ազատ և քննադատական մտածողությամբ անձանց որպես թիրախ ընտրելու գործելաոճը, ինչը նպաստում է երկրում վախի մթնոլորտի ձևավորմանը:
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում են ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Մյուս քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած և բռնություն գործադրած այլ անձինք պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար:
«Խիստ կարևոր է, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը կատարի վերոնշյալ պահանջները և հստակ քայլեր ձեռնարկի հետագայում քաղաքացիական ակտիվիստների հանդեպ բռնությունը և անօրինական գործողությունները կանխելու համար, – ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: – Նման իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել անկայունության ողջ երկրի տարածքում: Այդ դեպքում մենք պատասխանատվությունը կդնենք անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վարչակագի վրա», – եզրափակել է Սաքունցը:
Վերջերս Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեն արժանացել է ինչպես ընտրությունների տեղական դիտորդների, այնպես էլ ԵԽԽՎ-ի և ԺԸԵՊ-ի անկախ միջազգային դիտորդների քննադատությանը: ԺԸԵՊ-ը հանրաքվեի արդյունքներն անվանել է անօրինական և հիասթափություն է հայտնել ինչպես սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, այնպես էլ հանրաքվեի արդյունքների առնչությամբ: Հանրաքվեն ուղեկցվել է լայնածավալ համակարգային խախտումներով, ներառյալ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, քվեաթերթիկների լցոնում, «կարուսելային» սկզբունքով քվեարկություն, բազմակի քվեարկություն և ընտրացուցակների խախտումներ: Բացի դրանից՝ արձանագրվել է դիտորդների և լրագրողների դեմ բռնության և սպառնալիքների աննախադեպ աճ: Հատկանշական է նաև, որ մի շարք փոփոխությունների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի ցածր մակարդակի վրա է: Այդուհանդերձ, ԿԸՀ-ը հաստատել է հանրաքվեի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է խորհրդարանական հանրապետություն: Հանրաքվեի հաջորդ օրը՝ առավոտյան, ԵՄ-ը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ:
«NHC and the EPDE called the result of the referendum illegitimate. Read why here» (ՆՀԿ-ն և ԺԸԵՊ-ը հանրաքվեի արդյունքներն անօրինական են համարել: Կարդացեք այստեղ, թե ինչու»)
2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերից և 2015թ. ամռանը «Էլեկտրիկ Երևան» շարժման ցույցերից հետո Հայաստանի իշխանությունները տխրահռչակ համբավ են ձեռք բերել զանգվածային ցույցերին արձագանքելու առումով:
Տե՛ս նաև՝ NHC report on civil society and activism in Armenia (ՆՀԿ-ի զեկույց Հայաստանում քաղաքացիական հասարակության և ակտիվության վերաբերյալ)
13/01-16