ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու պահանջով
18:37, January 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սահմանադրական փոփոխություններ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝ հիմնավոր կասկած հայտնելով այն մասին, որ այն տեղամասերում, որտեղ գրանցվել է 50-100 տոկոս մասնակցություն, ապա այդ տեղամասերում լցոնումներ են եղել:
Սահմանված ժամկետում ՀՀ ՀՔԾ-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշում չի կայացվել և այն հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին չի տրամադրվել: Ինչից հետո 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Կազմակերպության կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որով պահանջվել է՝ պարտավորեցնել քննություն իրականացնող մարմնին՝ տրամադրելու վերոնշյալ հաղորդման հիման վրա կայացված որոշումը:
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մեկ ամիս անց միայն ՀՀ ՀՔԾ-ից ստացված գրությունում նշվում է, որ հաղորդման հիման վրա քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել՝ պատճառաբանելով, որ հաղորդումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, այլ միայն՝ «հիմնազուրկ ենթադրություններ»: Մինչդեռ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման մեջ տեղ գտած կասկածները հիմնավորված են Կազմակերպության կողմից հանրաքվեի քվեարկության մասնակցության թվի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության տվյալներով, որտեղ հստակ երևում է, որ քվեարակության մասնակիցների և տեղամասում այո-ի օգտին քվեների թիվը ուղիղ համեմատական է (նշված ուսումնասիրության համապատասխան հատվածը ևս կցվել է հանցագործության մասին հաղորդմանը): Փաստորեն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, առանց պատշաճ քննություն իրականացնելու, հաղորդման մեջ տեղ գտած կասկածները համարել է հիմնազուրկ ենթադրություններ՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:
Արձանագրենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից անգործություն է դրսևորվել. հանցագործության մասին հաղորդումը ՀՀ ՀՔԾ-ում չի ընդունվել որպես այդպիսին, անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ չեն կատարվել և Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) որևէ որոշում չի կայացվել, այնինչ քննությունն իրականացնող մարմինը պարտավոր էր 10-օրյա ժամկետում կայացնել որոշում և այն ուղարկել հացագործության մասին հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին:
Հատկապես հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործության հետևանքով կազմակերպությունը զրկվում է իր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու իրավունքից:
2016 թվականի հունվարի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, Կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում կայացնելու և այն հաղորդում ներկայացրած անձին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: