Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները՝ գյումրեցի ընտանիքին անհանգստացրած ՌԴ զինծառայողի մասին
11:35, February 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, նախօրեին՝ գիշերը, ՌԴ զինծառայողներից մեկն ահանգստացրել էր Գյումրու Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկի բնակիչներին՝ թակելով նրանց դուռը եւ պահանջելով բացել այն:
Ինչպես փոխանցում են Գյումրու դատախազությունից, զինծառայողին ազատ են արձակել նրանից բացատրություն վերցնելուց հետո, այս պահի դրությամբ հայտարարում են, որ նրա արարքները հանցակազմ չեն պարունակում: 10-օրյա ժամկետում նյութեր են նախապատրաստելու եւ ուսումնասիրելու են գործի բոլոր հանգամանքները:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սա համարում է բացարձակ անգործություն, քանի որ, ըստ նրա, իրավական համակարգը նույն կերպ չի գործում ՀՀ քաղաքացու պարագայում:
«Եթե նույն կերպ մի ՀՀ քաղաքացի խանգարեր մի ընտանիքի անդորր, նրան բերման կենթարկեին, գործ կհարուցեին եւ խափանման միջոցի հարց կքննարկեին: Իսկ այս դեպքում այդպես չվարվեցին: Եթե դատախազը նման ձեւով վարվեր նաեւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ես կհասկանայի, որ դա ընդունված պրակտիկա է, մոտեցում, բայց եթե ՀՀ քաղաքացիների դեպքում բոլորովին այլ մոտեցում է, ընդամենը կարող եմ ասել, որ անգործություն է ցուցաբերվում»:
Սաքունցը համոզված է, որ հայաստանցի իրավապահները չպետք է հանձնեին զինծառայողին ռուսական կողմին, քանի որ դեռ դեպքի, ահազանգի բոլոր հանգամանքները լիովին պարզված ու հստակեցված չեն, եւ ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ զինծառայողի արարքներում հանցագործություն չկա:
«Պետք է ճշտել մանրամասն՝ ինչ կերպ է պահել: Բայց ամեն դեպքում, եթե մարդիկ այնքան են վախեցած կամ անհանգստացած եղել, որ դիմել են ոստիկանություն, ուրեմն սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Կրկնում եմ, եթե այդ անձը լիներ ՀՀ քաղաքացի, անպայման ձերբակալած կլինեին: Տվյալ դեպքում էլ պետք է ձերբակալեին, ոստիկաններն էլ պետք է նյութեր նախապատրաստեին՝ գործը փոխանցելու քննչական բաժին, որն էլ պետք է քննություն իրականացներ»:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միհրան Պողոսյանն այդպես չի կարծում: Ըստ նրա՝ կալանավորել-չկալանավորելու հարցում պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով՝ անձը ՀՀ տարածքում հանցագործություն կատարե՞լ է, թե՞ չի կատարել:
«Հանցագործության կատարման դեպքում նոր պետք է խափանման միջոցի հարցը լուծել: Ես տեղյակ չեմ՝ տվյալ անձի գործողություններն իրենց մեջ հանցակազմ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: Տվյալ անձն ինչ-որ բնակարան է շփոթել՝ մտածելով, թե ընկերոջ տուն է վերադառնում, ուրիշի տուն է ցանկացել մտնել:
Եթե նա ընդամենը բացատրություն է տվել, նշանակում է դեռ քրեական գործ չի հարուցվել: Անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Նշանակում է անձը այդ պահի դրությամբ չի հանդիսացել կասկածյալ, եւ տվյալ դեպքում խափանման միջոցի հարց ՀՀ իրավապահ մարմինները չունեն: Եթե վերջինս կատարել է հանցագործություն, որից ես տեղյակ չեմ, վերջինս պետք է լիներ կասկածյալ, որոշվեր խափանման միջոցի հարցը:
Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որ օտարերկրյա քաղաքացին ՀՀ տարածքում հանցագործություն է կատարում, ինքը նորմալ կարգով, քրեական դատավարության մասին օրենսգրքով կարգավորվող ռեժիմով պետք է քրեական հետապնդման մարմինները գործեն: Այստեղ ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք տվյալ անձը հանցագործություն կատարել է, թե չի կատարել»:
Փաստաբանը բոլորովին այլ կարծիք ունի բազայում տիրող իրավիճակի եւ մթնոլորտի մասին:
«Դա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչ բարքեր են տիրում ռազմաբազայում, որոնց մասին բարձրաձայնում ենք նույն Ավետիսյանների գործի քննության ժամանակ: Իսկ կոնկրետ տվյալ դեպքում անձի վերաբերյալ զիջումների են գնացել, թե չեն գնացել, հանգամանքների պարզաբանումից հետո նոր եզրահանգումներ կանենք»:
Միհրան Պողոսյանին հարցրեցինք, թե երբ ակտիվիստները հրապարակներում միտինգի են դուրս գալիս, ամեն անգամ ոստիկանությունը մեկուսացնում է որոշ մարդկանց՝ պատճառաբանելով, որ ուշ երեկոյան արգելվում է խախտել համակեցության կանոնները եւ խանգարել մարդկանց անդորրը: Այս դեպքում էլ քաղաքացին ոչ միայն մի ընտանիքի, այլեւ նրանց հարեւանների հանգիստն է խանգարել, սա արդյո՞ք ենթադրում է պատասխանատվություն:
Պատասխանն այսպիսին էր. «Կախված անձի դիտավորությունից, թե ինչ դիտավորությամբ է այդ ամեն ինչը իրականացրել, վերջացրած մինչեւ գործի մյուս մանրամասները եւ հանգուցալուծումը, շատ կարեւոր են: Քրեական օրենսգիրքն ունի շատ լավ հանցակազմ նախատեսված ՀՀ ՔՕ 258 հոդվածով՝ խուլիգանության հոդվածը: Եթե այդ գործի քննության արդյունքում հիմնավորվի, որ տվյալ անձի գործողությունը միտված է եղել հասարակության, այդ թվում նաեւ այդ ընտանիքի անդորրը խախտելուն, կարելի է խոսել խուլիգանության հանցակազմի մասին»: