Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հինգերորդ դատական նիստի մասին
15:23, February 8, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի փետրվարի 5-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հինգերորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի:
Դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով ներգրավված վկաների հարցաքննությունը:
2016 թվականի փետրվարի 5-ի դատական նիստի ընթացքում ցուցմունքներ տվեցին Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի չորս աշխատակիցներ, որոնք մասնակցություն են ունեցել Վ. Պերմյակովի ձերբակալմանը:
Բայանդուրի ուղեկալի հրամանատար Մ. Խաչատրյանը, ի պատասխան Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին, նշեց, որ իրենք հանձնարարություն են ստացել փախուստի դիմած սահմանախախտին փնտրելու վերաբերյալ, միաժամանակ՝ տեղյակ են եղել, որ նա կասկածվում է սպանության մեջ: Վկայի ցուցմունքների համաձայն՝ Վ. Պերմյակովի վրա ոչ մի կասկածելի բան չի նկատվել, ալկոհոլ օգտագործած լինելու հետ կապված ևս ոչինչ չի նկատել:
Դատարան ներկայացրած բլանկի վրա, որով կազմվել է ձերբակալման մասին արձանագրությունը, նշված էր, որ ձերբակալման մասին պետք է զեկուցել Շիրակի մարզի դատախազին, որը, սակայն, չի արվել:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանի այն հարցին, թե հայ իրավապահների՝ ավելի շուտ ժամանելու դեպքում հանձնելու էիք Պերմյակովին նրանց, վկան պատասխանեց՝ ոչ:
Բայանդուրի ուղեկալի կինոլոգ Հ. Մախսուդյանի ցուցմունքի համաձայն՝ Պերմյակովին ձերբակալելուց հետո նրան կապել են իր սպորտային տաբատի գոտով և կոշիկների քուղերով, քանի որ այդ պահին ինքն աշխատանքի մեջ չի գտնվել և տագնապը լսելուց հետո շտապել է գնալ օգնության:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Լ. Սահակյանի այն հարցին, թե արդյոք ձեռնաշղթաներ չեն եղել, վկան պատասխանեց՝ ոչ:
Ապա փաստաբանը հարց ուղղեց այն մասին, թե արդյոք վկան Մ. Խաչատրյանից չի հետաքրքրվել, թե ինչու ձեռնաշղթաներ չկան, վկա Հ. Մախսուդյանը պատասխանեց, որ հրաման է կատարել:
Դատական նիստի ընթացքում հարցաքննված մյուս վկաները գործի մասին էական տեղեկություններ չհայտնեցին:
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 12:00-ին: