Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով չորրորդ դատական նիստի մասին
15:14, February 8, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի հունվարի 29-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով չորրորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի:
2016 թվականի հունվարի 29-ի դատական նիստի ընթացքում նախատեսված էր հարցաքննել նաև գործով ներգրավված վկաներ, տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին և Եգոր Ադամյանին: Վերջիններս, սակայն, ինքնազգացողության վատացման պատճառով հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ խնդրելով հրապարակել նախաքննության ընթացքում իրենց կողմից տրված ցուցմունքները:
Ավետիսյանների անմիջական հարևան Կարինե Հովհաննիսյանի՝ դատարանում տված ցուցմունքները տարբերվում էին նախաքննության փուլում տված ցուցմունքներից:
Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է, երբ արդեն աշխատանքի վայրում է գտնվել: Վկան իր ցուցմունքում նշեց նաև, որ բակում լվացքի առկայության պատճառով հնարավոր չի եղել տեսնել Ավետիսյանների բնակարանի դռան ապակին կոտրված է եղել, թե ոչ:
Հարցաքննվեցին նաև Ավետիսյանների բնակարանի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակից Ռուզաննա Հակոբյանը և դեպքի վայր ժամանած Շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը:
Ռուսական ռազմաբազայի վաշտի հրամանատար Ա. Դանչինի հարցաքննությունը տևեց 1,5 ժամ: Փաստաբանների հարցին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի զինծառայողը Գյումրու ռազմաբազայում ծառայելու համար, Ա. Դանչինը նշեց, որ նա չպետք է հաշվառված լինի նյարդահոգեբանական դիսպանսերում, դատվածություն չպետք է ունենա, ինչպես նաև՝ նրա հարազատները: Վկան նշեց նաև, որ վերոնշյալ չափանիշներին համապատասխանությունը ստուգվել է Չիտայի հանձնաժողովի կողմից, որտեղից էլ զորակոչվել է Վ. Պերմյակովը:
Ինչպես պարզվում է Պերմյակովի անձնական տվյալներից, վերջինս իրականում չի համապատասխանել չափանիշներին:
Ըստ վկայի ցուցմունքի՝ Վ. Պերմյակովի դասալքության մասին տեղեկացել են 2015 թվականի հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 3-ին:
Փաստաբանները փորձեցին ճշտել նաև՝ արդյոք նրանք զինված էին Պերմյակովին որոնելու ժամանակ, ինչին վկան բացասական պատասխան տվեց:
Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Հ. Մովսեսյանը, գործով ներգրավված վկաներ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի 6 զինծառայողներ, արդեն զորացրվել են և չեն կարող ներկա գտնվել դատական նիստերին: