Տարոն Սիրադեղյանի գործով վճիռը կհրապարակվի 2016 թ. մարտի 2-ին
15:55, February 11, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ սույն գործով 2015 թ. դեկտեմբերի 11-ին նշանակվել էր վճռի հրապարակման օրը, սակայն դատարանը որոշում էր կայացրել գործի դատաքննությունը վերսկսելու մասին:
Դատական նիստը կայացավ հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանի ու վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Դատարանը հայտնեց, որ դատաքննությունը վերսկսվել է գործին առնչվող որոշակի հանգամանքների պարզման նպատակով: Մասնավորապես, Դատարանը հարցեր ուղղեց հայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ արարքի համար է պահանջվել Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, կոնկրետ ինչ պահանջ չի կատարվել վերջինիս կողմից: Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Տ. Սիրադեղյանը փակել է Սարյան փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությունը, որի համար էլ նրան ներկայացվել է օրինական պահանջ, նա նաև նշեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ նշված ոստիկանության շղթան եղել է շարունակական գործողությունների մաս, սակայն վերջնական արարքը եղել է երթևեկելի մասը փակելը: Դատարանում հարցաքննված վկա ոստիկանության աշխատակցի ցուցմունքի կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Տ. Սիրադեղյանը ձերբակալվել է ուժի գործադրմամբ, չնայած այն հանգամանքին, որ վկան հայտնել էր, որ իր կողմից ձերբակալման մասին հայտնելուց հետո Տ. Սիրադեղյանը սեփական կամքով է նստել ոստիկանության ավտոմեքենան:
Պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը հարց ուղղեց հստակեցնելու համար ոստիկանության աշխատակցի վկայության իսկությունը, որից հետո, հաշվի առնելով, որ ոստիկանության աշխատակիցը որպես վկա հարցաքննվելիս պարտավորվել էր սուտ ցուցմունք չտալ, միջնորդեց միջոցներ ձեռնարկել սուտ ցուցմունք տալու հանգամանքի պարզման ուղղությամբ: Դատարանը նշեց, որ ապացույցների գնահատման փուլում է անդրադառնալու ապացույցների արժանահավատությանը, որից հետո Տ. Սիրադեղյանը խնդրեց միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտում:
Կողմերը պնդեցին իրենց կողմից ներկայացված հայցերը՝ խնդրելով դրանք բավարարել և մերժել մյուս կողմի ներկայացրած հայցերը:
Դատաքննությունը համարելով ավարտված՝ Դատարանը նշանակեց վճռի հրապարակման օրը:
Սույն գործով դատարանի վճիռը կհրապարակվի 2016 թ. մարտի 2-ին՝ ժամը 17:57-ին:
Տես նաև՝ aravot.am