ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության գործով դատական նիստը հետաձգվեց
16:57, February 18, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՀՀ Գլխավոր դատախազություն2016 թ. փետրվարի 18-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Թովմասյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցի քննության շրջանակներում նշանակված էր դատաքննություն:
Դատական նիստին ներկայացել էին հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանը: Վերջինիս անձի և լիազորությունների ստուգման ընթացքում պարզվեց, որ Հ. Պետրոսյանը պատշաճ լիազորված չէ սույն գործով որպես ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ հանդես գալու համար, քանի որ նրա մոտ առկա էր միայն գործն իրեն հանձնարարելու մասին գրություն:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է՝ անձը կարող է որպես ներկայացուցիչ հանդես գալ միայն լիազորագրի առկայությամբ և չառարկեց դատական նիստը հետաձգելու դեմ:
Նախագահող դատավոր Ա. Թովմասյանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչին ներկայացնել պատշաճ վավերացված լիազորագիր: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումով ՀՔԱ վանաձորի գրասենյակը պահանջել է տրամադրել կազմակերպության 2015 թ. հուլիսի 16-ի հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, որով պահանջվել է տրամադրել 2013 և 2014 թթ. ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության ընթացքում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ քանակական տեղեկություններ:
Տես նաև՝ hcav.am