Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին
00:16, February 24, 2016 | ՀայտարարություններՍույն թվականի փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ակնհայտ անօրինական և ոչ իրավաչափ որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Վարդգես Գասպարին քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող անձ է, ով բարձրաձայնում է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և իր դիրքորոշումն արտահայտելու համար բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների թիրախում: Մի երկրում, որտեղ ներկայիս և ապագա սերունդների դեմ ծանրագույն հանցանքների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, նման ճակատային գործելաոճը և հանցագործների առջև դեմ հանդիման կանգնելը մեծ խիզախում է:
Վարդգես Գասպարիի դեմ դատավարությունների ներկայիս շղթան սկսվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած հայցերից։ Դատավարության ընթացքում Գասպարին և իր փաստաբանները օրենքով սահմանված պաշտպանական տարբեր միջոցներից շարունակաբար զրկվել են, մասնավորապես՝ մերժվել են նրանց բազմաթիվ միջնորդությունները, առարկությունները և այլն։ Գասպարին արդարացիորեն արտահայտել է իր անվստահությունը դատարանին և ցուցադրել անհնազանդություն մի մարմնի, որը ոչ միայն իրեն է զրկում պաշտպանվելու բոլոր միջոցներից, այլև հանրության մեջ չունի արդարադատություն իրականացնող անկախ կառույցի հեղինակություն։ Պայքարի նրա որդեգրած մոտեցումները ամենևին չեն կարող որակվել որպես «վիրավորանք» և չեն կարող հետապնդվել կալանավորմամբ:
Մենք՝ ՀՀ և այլ երկրների քաղաքացիներս, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Կոստանյանից և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու ուղղությամբ: